// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թոմաս դը Վաալ. Հայ-թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու

Թոմաս դը Վաալ. Հայ-թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ՝ Վաշինգտոնում փորձագետները փորձում են հասկանալ, թե որն է Միացյալ Նահանգների դերը հայ - թուրքական հարաբերություններում: 2015-ը Երևանի և Անկարայի հարաբերությունների համար բարդ տարի է լինելու, սակայն հայ - թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը կախված կլինի նաև նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն կողմերը այս տարվա ընթացքում սպասվող իրավիճակներում:

Վաշինգտոնի Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալի կարծիքով, 2015-ին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում լուրջ առաջընթաց չի սպասվում: Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական մակարդակով երկկողմ քաղաքացիական և մշակութային կապերը, ըստ նրա, շարունակում են զարգանալ․ «Արվում են քայլեր, որոնք թեև փոքր են, սակայն օգնում են երկկողմ հարաբերությունների դրական մթնոլորտի ձևավորմանը», գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոքերը հիշեցնում է, որ 2014-ին Թուրքիայի իշխանություններն առաջին անգամ պետական մակարդակով ցավակցություն հայտնեցին 1915-ի կոտորածների կապակցությամբ: «Նախորդ տարի Թուրքիան ազդանշաններ ուղարկեց, որոնք վկայում են, որ նրանք ցանկանում են առաջ շարժվել այդ հարցում: Այս բոլորը խոստումնալից նշաններ են», - ասել է նա:

Այդուամենայնիվ, հայ - թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու, համոզված է Թոմաս դը Վաալը: Նրա կարծիքով, երկրորդ անգամ անդրադառնալ արձանագրություններին չի կարող իրեն թույլ տալ կողմերից և ոչ մեկը: «Կարծում եմ, անչափ դժվար կլինի արձանագրություններին վերադառնալ, որովհետև դրանց նկատմամբ հսկայական բացասական վերաբերմունք կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում», - ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ջանքերին, ապա, դը Վաալի կարծիքով, Վաշինգտոնը կարող է լուրջ ոգևորություն դրսևորել միայն նոր նախագահի օրոք: «Ցավոք, երբ Միացյալ Նահանգները նախագահի մակարդակով կենտրոնացնում են ջանքերը մի հարցի վրա և այն տապալվում է, նրանք անցնում են հաջորդ հարցին՝ նախորդ հարցով զբաղվելու ցանկություն չունենալով», - ասել է վերլուծաբանը:

Այս առումով հայ - թուրքական հարաբերությունների համար հեռանկարային կարող է լինել Հիլարի Քլինթոնի հաղթանակը հաջորդ նախագահական ընտրություններում, կարծում է դը Վաալը:

Ջոշուա Ուոքերի կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է շահագրգռի հայկական և թուրքական կողմերին լայն տնտեսական աջակցությամբ և նպաստի երկկողմ հարաբերությունների հաստատմանը՝ կենտրոնանալով դրանց դրական արդյունքների վրա:

Թոմաս դը Վաալն իր կողմից հիշեցնում է, որ Միացյալ Նահանգների նախագահները նախկինում օգտագործել են «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, մասնավորապես՝ իր նախագահության օրոք Հայոց ցեղասպանության մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը, իսկ ավելի շուտ՝ 1918 թվականին, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը կոչ էր անում պատերազմ հայտարարել Օսմանյան կայսրությանը, քանի որ, Ռուզվելտի խոսքով, հայկական կոտորածները պատերազմի ամենագարշելի ոճրագործություններից մեկն էին: Ամերիկյան փորձագետները կոչ են անում կենտրոնանալ ոչ թե բառերի, այլ գործողությունների վրա:

Փետրվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱԳՆ-ում նշում են՝ ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ
Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել
Երկաթուղու շարժակազմը ռուսական կողմի սեփականությունն է