Ամերիկյան Կարսոնի քաղաքապետը դեմ է քվեարկել իր իսկ առաջարկին. Աթաթուրքի արձանը չի կանգնեցվի

Ամերիկյան Կարսոնի քաղաքապետը դեմ է քվեարկել իր իսկ առաջարկին. Աթաթուրքի արձանը չի կանգնեցվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կարսոն քաղաքի խորհուրդը ավագանու նիստում երկարատև քննարկումներից հետո միաձայն մերժել է քաղաքում Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու առաջարկը: Այս մասին գրում Panoram.am-ը asbarez.com-ի վրա հղումով:

Ավելի քան 400 ամերիկահայ հավաքվել էր քաղաքապետարանի շենքի մոտ՝ բողոքելու արձանի կանգնեցման դեմ: Արձանը տեղադրելու առաջարկի դեմ են արտահայտվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Մոնտեբելլոյի քաղաքապետ Ջեք Հադջինյանը, Գլենդել քաղաքի քարտուղար Արտաշես (Արդի) Քասախյանը, պրոֆեսոր Լևոն Մարաշյանը, Ամերիկայի հունական խորհրդի փոխնախագահ Արիս Անագնոսը:

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռաիֆե Գուլրու Գեզերը մեկն է եղել վեցից, ովքեր իրենց ելույթում կողմ են արտահայտվել արձանի կանգնեցմանը: Կարսոնի քաղաքապետ Ջիմ Դիըրը, ով առաջարկել էր կանգնեցնել Քեմալ Աթաթուրքի հուշարձանն, ի վերջո դեմ է քվեարկել:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում լույս տեսնող «Մասիս Փոստ» թերթը կոչ էր արել տեղի հայ համայնքին բողոքով հանդես գալ Լոս Անջելեսի մոտակա Կարսոն քաղաքում թուրքական համայնքի կողմից Աթաթուրքի արձանի կանգնեցման նախաձեռնության դեմ:

2010-ին մտադրություն կար Աթաթուրքի հուշարձան կնագնեցնել Բուենոս Այրեսում, սակայն կառավարությունը այնտեղ ևս մերժեց առաջարկը:

Նույն թվականին թուրքական Ադաբազար քաղաքում 26-ամյա Մահմեդ Թեմիզը պղծել է Աթաթուրքի արձանը: Ըստ թուրքական «Աքշամ» թերթի, նա սկզբում ներկով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի արձանին սվաստիկա է նկարել, ինչ-որ գրություն թողել, ապա կացնով սկսել հարվածել արձանին:

2011-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցներն այրեցին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---