Հայ-չինական հռչակագիր է ընդունվել. Անդրադարձ կա նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը

Հայ-չինական հռչակագիր է ընդունվել. Անդրադարձ կա նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 25-ին, Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Երկու պետությունների ղեկավարները ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում՝ հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ։ Ձեռք բերվեց փոխըմբռնում հարցերի լայն շրջանակի շուրջ։

Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Հռչակագրում նշված է, որ կողմերը այսուհետ ևս կշարունակեն զարգացնել փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները և, հետևելով 1996 թվականի մայիսի 5-ի «ՀՀ և ՉԺՀ միջև բարեկամական հարաբերությունների հիմունքների մասին» համատեղ կոմյունիկեի և 2004 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ՀՀ և ՉԺՀ համատեղ հռչակագրի դրույթներին, հետևողականորեն իրականացնել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղեգիծը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հայ-չինական հարաբերությունների բարեկամական համագործակցության շարունակական խորացման և զարգացման նպատակով՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Հայկական կողմը հաստատում է Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը ՉԺՀ անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։

Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։

Կողմերը հայտարարում են, որ չեն մասնակցում որևէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ, չեն ձեռնարկում ցանկացած նման գործողություն, ներառյալ՝ երրորդ կողմի հետ նման պայմանագրերի կնքումը, թույլ չեն տալիս իրենց տարածքում այնպիսի կազմակերպությունների և խմբավորումների ստեղծում, որոնք վնաս են հասցնում մյուս կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը, ավելին՝ արգելում են դրանց գործունեությունը իրենց տարածքում։

Կողմերը լիովին սատարում են սեփական իրողություններից ելնելով երկու երկրների ժողովուրդներից յուրաքանչյուրի ընտրած զարգացման ճանապարհը, հաստատում են աջակցությունը մյուս kողմի ջանքերին` ուղղված պետական անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ամրապնդմանը, սոցիալ-քաղաքական կայունության ապահովմանը և ազգային տնտեսության զարգացմանը։

Հաստատվում է, որ առևտրատնտեսական կապերը հայ-չինական հարաբերությունների բարեկամական համագործակցության կարևոր բաղկացուցիչն են: Չինական կողմը խրախուսում և աջակցում է իր ձեռնարկություններին ՀՀ-ում ներդրումներ անելու և ձեռնարկություններ ստեղծելու հարցում։

Կողմերը պատրաստ են հանգամանորեն քննարկել ֆինանսական համագործակցության զարգացման հարցը, ներառյալ` ազգային արժույթների փոխադարձ փոխանակումները, գտնել ֆինանսավորման ճկուն և բազմազան մեթոդներ և ֆինանսական աջակցություն տրամադրել համագործակցության կարևոր նախագծերին։ Նշեվել է, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ ստեղծման նախաձեռնությունը նոր պատմական հնարավորություններ է ընձեռում երկու երկրների բազմակողմ համագործակցության համար։ Կշարունակեն ընդլայվնել ուսանողների փոխանակումը։ Չինական Կողմը պատրաստ է շարունակել պետական կրթաթոշակներ տրամադրել Չինաստանում սովորող հայ ուսանողներին, աջակցել հայկական Կողմին բոլոր բնագավառներում մասնագիտացված կադրերի պատրաստման հարցում։

ՀՀ-ն և ՉԺՀ-ն դատապարտում և հաստատապես հանդես են գալիս ահաբեկչության դեմ՝ ցանկացած ձևերով և դրսևորումներով, պատրաստ են հետագայում ակտիվացնել ՄԱԿ-ի Կանոնադրության և համապատասխան միջազգային հակաահաբեկչական փաստաթղթերի շրջանակներում երկու երկրների իրավապահ, անվտանգության և պաշտպանության մարմինների միջև կապերն ու համագործակցությունը, համատեղ պայքարել ահաբեկչության, փողերի լվացման, թմրանյութերի անօրինական շրջանառության և անդրազգային կազմակերպված հանցավորության այլ ձևերի դեմ։

Կողմերը պատրաստ են համապատասխան ձևով շարունակել պրակտիկ փոխգործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական պատվիրակությունների փոխայցելությունները, զինվորական կադրերի պատրաստումը, ռազմական օգնության ցուցաբերումը և այլն։

Կակտիվացնեն երկխոսությունն ու փոխգործակցությունը ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպությունների և կառույցների շրջանակներում, կպահպանեն սերտ կապերը և համակարգումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերով` երկու երկրների զարգացման համար բարենպաստ միջազգային պայմաններ ստեղծելու նպատակով:

Ստորագրվել են նաև երկու երկրի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր: Մասնավորապես՝ «ՀՀ և ՉԺՀ միջև` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր, «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև ՀՀ-ին ՉԺՀ կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր, «ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիր և այլ փաստաթղթեր:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---