Վաչե Գաբրիելյանը ԵՏՄ ինտեգրման, Բաքվին ռուսական զենք վաճառելու և Գյումրիի ողբերգության մասին

Վաչե Գաբրիելյանը ԵՏՄ ինտեգրման, Բաքվին ռուսական զենք վաճառելու և Գյումրիի ողբերգության մասին

PanARMENIAN.Net - Մոսկվայի և Երևանի հարաբերությունները «շատ կառուցողական են»: Եվ թեև երկու երկրների միջև երբեմն առաջանում են խնդիրներ, դրանք բոլորը լուծվում են: Այդ մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Մասնավորապես անդրադառնալով եվրասիական տնտեսական ինտեգրմանը, նա նշել է, որ այստեղ խնդիրներ են առաջանում Հայաստանի աշխարհագրական դիրքի պատճառով, որը բարդություններ է առաջացնում: «Մեզ հարկավոր են հաղորդակցության ուղիներ միության մյուս անդամների հետ: Կա Վերին Լարսի անցակետը, որն ապահովում է միակ ցամաքային կապը Ռուսաստանի հետ, սակայն մի շարք պատճառներով թողունակությունը շատ սահմանափակ է: Սակայն դա լուծելի խնդիր է: Թողունակությունը կարելի է խթանել՝ «կանաչ միջանցք» ապահովելով հայկական ապրանքների համար: Դրական որոշումն այս հարցի վերաբերյալ արդեն կայացված է: Բացի այդ, Վերին Լարսում մաքսակետ է բացվել ակցիզային ապրանքների համար: Դա կարևոր է, քանի որ Հայաստանից ՌԴ են արտահանվում գինիներ և կոնյակ»,-ասել է փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը նշել է, որ տնտեսական նպատակահարմարության տեսակետից ինտեգրումը ԵՏՄ-ին շատ օգտակար կարող է լինել Հայաստանի համար, խնդրահարույց է միայն լոգիստիկան: «Այժմ, երբ միությանն անդամակցումից արդեն 3 ամիս է անցել, որոշ դժվարություններ դեռ առկա են, ամեն ինչ չի հալած յուղի նման գնում: Հաճախ դրանք տեխնիկական խնդիրներն են. ինչ-որ թուղթ ժամանակին տեղ չի հասել և այլն: Սակայն այդ ամենը լուծելի է: Կարևորն այն է, որ Հայաստանի համար շահավետ է առևտուր անել Ռուսաստանի հետ և լինել այդ ինտեգրման միության անդամ: Պետք է հասկանալ նաև, որ խոսքը դեռևս ներուժի մասին է, որը դեռ պետք է կյանքի կոչել: Ես այդպես էլ ասում եմ մեր գործարարներին՝ կա հնարավորություն, երաշխիք չկա: Գործելու ենք մրցակցության պայմաններում, սա բարեգործություն չէ»:

Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է նաև ռուսական զենքի վաճառքին Ադրբեջանին՝ նշելով, որ դա շատ լուրջ հարց է Երևանի համար: «Զենքը, որը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին, կարող է օգտագործվել մեր դեմ: Հասկանալի է, որ Բաքուն միևնույն է զենք կգներ եթե ոչ Ռուսաստանից, ապա մեկ ուրիշից: Մյուս կողմից՝ եթե Մոսկվան խորհրդակցեր մեզ հետ թե ինչ զենք վաճառի Ադրբեջանին, իսկ ինչը՝ ոչ, հայ հանրությունը շատ ավելի հանգիստ կվերաբերվեր այդ հարցին: Իսկ այսպես ժողովուրդը հարցնում է. ո՞վ է մեր դաշնակիցը: Այդ հարցը տալիս են և պետական գործիչները, և հասարակ մարդիկ: Շատ կան հրապարակումներ այդ թեմայով մամուլում: Եվ երբ մեր քաղաքական գործիչները հանդիպում են քաղաքացիների հետ, այն հարցը, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում ադրբեջանցիներին, հաճախ է տրվում: Այնպես որ նորց կրկնեմ՝ խորհրդակցություններն այս հարցի շուրջ շատ օգտակար կարող են լինել և կօգնեին մեղմացնել հարցի սրությունը»:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ևս մեկ ցավոտ դրվագի՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը, Վաչե Գաբրիելյանն ասել է. «Ինչ վերաբերում է նրան, թե որքանով Գյումրիում տեղի ունեցած սպանությունը ազդեց հայ-ռուսական հարաբերությունների վրա, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ ոք չի նույնականացնում հանցագործին Ռուսաստանի հետ: Ռուսներին Հայաստանում շատ լավ են վերաբերվում: Խնդիրն այլ է: Սա առաջին միջադեպը չէ կապված ռուս զինծառայողների հետ Գյումրիում, թեև մյուսներն այսքան դաժան ու աղմկահարույց չէին: Քանի որ նման դեպքերը կրկնվում են, մարդկանց մոտ հարց է առաջնում. իսկ արդյո՞ք ամեն ինչ կարգին է այդ ռազմակայանում: Գյումրիում սպանությունից հետո հակառուսական տրամադրությունները չավելացան, սակայն ավելի հաճախ են հնչում հարցեր ռազմակայանի իրավական կարգավիճակի, կանոնակարգող օրենքների, իրավասության մասին: Կարծում եմ, որ շարքային Պերմյակովի դատը ճիշտ կլինի Հայաստանում անցկացնել և բաց դատավարությամբ: Դա սովորական հանցագործություն չէ, շատ է անհասկանալին, ոչ ռացիոնալը: Հանրությունը պետք է իմանա կատարվածի բոլոր մանրամասները, որպեսզի շշուկներ ու ասեկոսեներ չտարածվեն, խոսակցություններ չգնան դավադրության մասին: Այս տեսակետից ճիշտ որոշում կլինի դատը Հայաստանում անցկացնելը»:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---