Տարածքային հատուցումը՝ գլխավոր բաղադրիչ. Ցեղասպանության փոխհատուցման հարցերն ուսումնասիրող խմբի զեկույցը

Տարածքային հատուցումը՝ գլխավոր բաղադրիչ. Ցեղասպանության փոխհատուցման հարցերն ուսումնասիրող խմբի զեկույցը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության փոխհատուցման տրամադրման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող խումբը (The Armenian Genocide Reparations Study Group) հրապարակել է վերջնական զեկույց` իրավական, պատմական, քաղաքական ու էթիկական առումներով Ցեղասպանության փոխհատուցման համապարփակ վերլուծություն:

2014-ի սեպտեմբերին խումբն ավարտին է հասցրել զեկույցը, սակայն այն ժամանակ ներկայացվել է միայն նախաբանը: Իսկ այժմ զեկույցի ամբողջական տարբերակն արդեն հրապարակվել է ու հասանելի է ներբեռնման համար, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:

Զեկույցում ներկայացված է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հատուցման հարցի իրավական, պատմական, քաղաքական և բարոյական կողմերին առնչվող աննախադեպ համապարփակ վերլուծություն: Դրանում ներառված են նաև հատուցումերի լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ:

2015-ին՝ հարյուրերորդ տարելիցով պայմանմավորված հատուցման հարցը հատկապես ուշադրության կենտրոնում է, թեև արդեն վերջին տարիներին այն դուրս է եկել նեղ շրջանակից՝ իր վրա հրավիրելով հանրային և գիտական շրջանների ուշադրությունը՝ հիմականում կենտրոնանալով անհատական հատուցումերի պահանջով իրավական հայցերին:

Այս զեկույցը վճռական քայլ է դեպի ավելի լայնածավալ ու ընդգրկուն գործընթաց՝ գտնելու Ցեղասպանության դեռևս շարունակվող վնասները շտկելուն ուղղված համարժեք լուծում: Վերջին տասնամյակում նաև առաջացել է հատուցումերի համաշխարհային շարժումը, որում ընդգրկված են մարդու իրավունքների զանգվածային խախտումերն զոհ գնացած բազմաթիվ խմբեր: Հայոց հարցն այդ շարժման բաղկացուցիչ մասն է:

Զեկույցի նախաբանում նշված է, որ մի շարք գործոնների պատճառով հատուցումերի հարցը բավականին բարդ է: Օրինակ, զավթված գույքի հանցագործ խմբի ձեռքում մնալը ժամանակի ընթացքում սկսվում է նկալվել որպես նորմալ ստատուս քվո, իսկ դրա վերադարձը՝ չարդարացված: Տարածքային հատուցումների համար հատկապես մեծ խոչընդոտ է ժամանակակից պետությունների համար սրբագույն «տարածքային ամբողջականության» սկզբունքը: Համաշխարհային քաղաքական կարգի հիմք համարվող այդ սկզբունքը համարյա անհնարին է դարձնում միջպետական սահմանների փոփոխությունը, այն դեպքում, երբ ՀՑՀՈւԽ-ը սահմանների փոփոխությունը դիտարկում է որպես համապարփակ և արդյունավետ հատուցումերի փաթեթի գլխավոր բաղադրիչը:

Հայոց ցեղասպանության փոխհատուցման տրամադրման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող խումբը ձևավորվել է 2007-ին՝ ներառելով փոխհատուցման հարցի տարբեր ոլորտները ներկայացնող 4 փորձագետի` Հենրի Թերիո, Ալֆրեդ դե Զայաս Ջերմեյն, Օ. Մաքքալփին և Արա Պապյան: Խմբի առաքելությունն է կազմել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փոխհատուցումների` իր տեսակի մեջ առաջին համապարփակ վերլուծությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---