Ապրիլի 19-26-ը Նևադայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ է հայտարարվել

Ապրիլի 19-26-ը Նևադայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը: Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային կոչ անել ճանաչել պատմական փաստերը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հայերի ծրագրված սպանությունը և տեղահանությունը, որ տեղի են ունեցել 1915-1923թթ., խլել են 1,5 մլն մարդու կյանք, տեղահանվել են ավելի քան 500 հազար հայեր: Շատերը հաստատվել են ԱՄՆ-ում, և այսօր Նևադայում է ապրում աճող և ակտիվ հայ համայնք, որը ծայրահեղ անարդարությունից հետո գոյատևելու և վերապրելու վառ օրինակ է», - գրված է Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալի հռչակագրում:

Իբրև Նևադայի նահանգապետի տեղակալ և նահանգային սենատի նախագահ` Մարկ Հաթչիսոնն, իր հերթին, Նևադայի բնակիչներին կոչ է արել բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկումը և մասնակցել անմեղ զոհերի հիշատակի միջոցառումներին:

Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները ԱՄՆ Կոնգերսում բանաձև ներկայացվեց Հայոց ցեղասպանության մասին: «Ճշմարտության և արդարության մասին» բանաձևը ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամների աջակցությունը:

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա:

Ինչպես ասաց կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևը ներկայացնելիս, ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել:

Ըստ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի, Հայոց ցեղասպանութան ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով ոճրագործությունները նաև ապագայում: Մինչդեռ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պայքարում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար արդեն մոտ 40 տարի՝ 1975. թվականից ի վեր, երբ ներկայացվեց առաջին բանաձևը: «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություն գործելու առաջին քայլն է»,-հիշեցրել է կոնգրեսականը:

Բրեդ Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սենատոր լինելով, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես և գործող պետքարտուղար Ջոն Քերին: «Ժամանակն է. որ գործադիր ու օրենսդիր իշխանությունները նույն ուղղությամբ գործեն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---