Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում ապրիլի 7-ին, ժամը 17:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը, տեղեկացնում են ՊԲ մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Լևոն Միրզոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից :

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել են հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները՝ կրակոցների և դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Իսկ մարտի 28-ին ՀՀ ՊՆ Սեյրան ՕհանյանըԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակտեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր: Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ նման մարտավարության պայմաններում իրադրության սրման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ևս մարտի 26-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը հայտարարություն էր ներկայացրել՝ նշելով, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով: Դրանով Ադրբեջանը ձգտում է խարխլել 1994թ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, խախտել ռազմական հավասարակշռությունը: Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կոչ է արվել ուշադրություն դարձնել այդ վտանգավոր զարգացման վրա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---