Իսրայելցիները ստորագրահավաք են սկսել` պահանջելով Թել Ավիվից ճանաչել Ցեղասպանությունը

Իսրայելցիները ստորագրահավաք են սկսել` պահանջելով Թել Ավիվից ճանաչել Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսրայելցիների նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել` կոչ անելով Թել Ավիվին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պահանջագրի տեքստը կազմված է երեք լեզվով. անգլերեն, իվրիտով և ռուսերեն: Պահանջագրում մասնավորապես ասվում է.

«Ցեղասպանության փաստն անգամ փոքր կասկածի տեղ չի թողնում, ավելին, հենց իսրայելցի գիտնականներն են առաջինը սկսել այն ուսումնասիրել:

Նույնիսկ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրել հրեա Ռաֆայել Լեմկինը` բնորոշելու համար հայերի զանգվածային կոտորածն Օսմանյան կայսրությունում և հրեաների ջարդերը նացիստական Գերմանիայի կողմից գրավված տարածքներում:

Առավել ևս վիրավորական է և նույնիսկ խայտառակություն է տեսնել, որ Իսրայելի Քնեսեթն ու ԱԳՆ-ն ունակ չեն ճանաչելու ցեղասպանության փաստմ, իբր, ի շահ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների:

Աշխարհի 23 երկիր արդեն արել է այդ քայլը: Ժամանակն է, որ Իսրայելը ևս 1,5 մլն հայերի սպանդը պաշտոնապես ցեղասպանություն ճանաչի: 2015-ի ապրիլին լրանում է այդ սոսկալի իրադարձությունների 100-րդ տարելիցը: Արդարությունը վերականգնելը երբեք ուշ չէ», հայտնում է Armenia Today-ը:

Հունվարի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինը խոսել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի մասին: Նա թեմային անդարդարձել է Գլխավոր ասամբլեայի Հոլոքոստի հիշատակի արարողության ժամանակ, երբ ելույթում պաշտպանվում էր պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներից:

«Երբ 1915-ին հայ ժողովրդին կոտորում էին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դաշնակիցների հետ գործակցող հրեական լրտեսական ցանցի՝ Նիլիի ղեկավար անդամներից Ավշալոմ Ֆայնբերգը գրել է հետևյալը. «Ատամներս սեղմում եմ վախից, թե ով է լինելու հաջորդը: Երբ քայլում էի Երուսաղեմի փողոցներով, հարցնում էի ինքս ինձ՝ արդյո՞ք մենք ապրում ենք ժամանակակից՝ 1915թ., թե՞ Տիտոսի կամ Նաբուգոդոնոսորի օրերին: Արդյո՞ք ես՝ հրեաս, մոռացել եմ, որ հրեա եմ: Ես նաև հարցնում էի ինքս ինձ, թե արդյո՞ք իրավունք ունեմ միայն իմ ժողովրդի ցավերը ողբալի, և արդյո՞ք Երեմիա մարգարեն էլ արցունք չի թափել հայերի համար:

Ավշալոմ Ֆայնբերգը գրել է դա ուղիղ 100 տարի առաջ: Ժխտման և երկմտանքի 100 տարի: Բայց այն ժամանակվա Իսրայելում, Երուսաղեմում, որտեղ ես եմ ծնվել, ոչ ոք չէր ժխտում տեղի ունեցած կոտորածները: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողներն ու մեր ընտանիքի անդամները տեսել են հազարավոր հայերի ժամանելը. գալիս էին սովամահ, աղետից մազապուրծ ողորմելի մարդիկ: Երուսաղեմում նրանք ապաստան գտան, և սերունդները մինչ օրս շարունակում են ապրել այնտեղ:

Այն ժամանակ 2 հարց էր շրջանառվում` ու՞մ հերթն է հաջորդը, և արդյո՞ք մենք՝ հրեաներս էլ ուրիշի ողբերգության համար արյուն-արցունք կթափենք: Առաջին հարցին պատասխանեց պատմությունը. հրեաները հաջորդն էին»,- ասել է Ռիվլինը:

Haaretz-ը՝ նկարագրելով ելույթը, գրում է, որ Ռիվլինն անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, Ռիվլինը չի արտասանել «ցեղասպանություն» բառը հայերի ջարդերը նկարագրելիս: Իսրայելի նախագահը հիշատակել է նաև Խոջալուի դեպքերը՝ ադրբեջանական կողմի դիրքորոշումների համատեքստում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---