// IP Marketing video - START// IP Marketing video - END

Չեխիայի խորհրդարանի կոմիտեն ցեղասպանությունների ժխտումը դատապարտող բանաձև է ընդունել

Չեխիայի խորհրդարանի կոմիտեն ցեղասպանությունների ժխտումը դատապարտող բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել։ Վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, բանաձևը դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:

Դրա տեքստում, մասնավորապես, ասվում է․

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝

Վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1948թ. դեկտեմբերի 9-ի 260-րդ (III) բանաձևը, որը հայտնի է նաև որպես «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիա, և որը Չեխոսլովակիայի Հանրապետությունում հրապարակվել է արտաքին գործերի նախարարի 1955թ. ապրիլի 28-ի համար 32/1955 հրամանագրով,

Հաշվի առնելով հասանելի փաստերը, ինչպես նաև՝ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի վկայությունները, նկատի ունենալով Եվրոպական խորհրդարանի, Ուրուգվայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Սլովակիայի, Վատիկանի և այլ պետությունների խորհրդարանների ու այլ օրենսդիր ու գործադիր մարմինների որոշումները,

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որը ոգեկոչվում է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից 2015թ. ապրիլի 24-ին,

Հայտնում է իր ցավակցությունն ու համերաշխությունն աշխարհի հայությանը և, միևնույն ժամանակ, ոգեկոչում է նաև ասորիների, Փոքր Ասիայի հույների և եզդիների կոտորածները,

Անդրադառնում է այդժամանակյա միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի անբավարար վիճակին, որը հնարավոր դարձրեց ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ ճնշումների աննախադեպ աճը և նախանշեց 20-րդ դարում նմանատիպ իրադարձությունները, այդ թվում՝ Շոան,

Դատապարտում է նման գործողությունների, ինչպես նաև՝ այլ ցեղասպանությունների ծանրության նվազեցումը կամ ժխտումը,

Կոչ է անում միջազգային հանրությանը՝ կանխելու մարդկության դեմ հանցագործություններն աշխարհի ցանկացած հատվածում և վեճերը կարգավորելու խաղաղ միջոցներով:

2014-ի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն էր ձայների մեծամասնությամբ ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրանով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100.000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20.000 եվրո տուգանք:

Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն էր, որ քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը: Նման օրինագիծ է քննարկվում նաև Ֆրանսիայում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
ԱԳՆ-ում նշում են՝ ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ
Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել
Երկաթուղու շարժակազմը ռուսական կողմի սեփականությունն է
«Կառավարությունը նման պլաններ չունի»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԵՈւ գործունեության հնարավոր կասեցման մասին հարցին