Եվրախորհրդարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն, գրում է ArmenianGenocide100.org-ը: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Նիստի ժամանակ ելույթ ունեցողների ճնշող մեծամասնությունը պահանջել է Թուրքիայից ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, գրում է «Առավոտ»-ը: Այսպես, բուլղարացի պատվիրակ Կրիստալինա Ջեորջիևան հայտարարել է. «Այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, այժմ էլ սահմռկեցուցիչ է բոլորիս համար: Ապրիլի 24-ին մենք կվշտակցենք հայ ժողովրդին, քանի որ այն, ինչ կատարվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի հետ, ցեղասպանություն է»:

Գերմանացի պատվիրակ Էլմար Բրոքը ևս կատարվածն անվանել է ցեղասպանություն ու շեշտել. «Հայեր են սպանվել 20-րդ դարասկզբին և այդ փաստը պետք է հենց ցեղասպանություն գնահատել»: Մեկ այլ գերմանացի պատվիրակ Ֆլեքենշթեյն Կնուտը հայտարարեց, որ ցեղասպանությունը պետք է կոչել իր անունով: «Դա պետք է ընդունի նաև Թուրքիան: Ես Թուրքիայի իշխանություններին կոչ եմ անում հրատապ ու ճիշտ քայլեր ձեռնարկել: Իհարկե, գիտակցում եմ, որ պատմության հետ առերեսվելը բարդ բան է, բայց դա կարևոր է միջազգային հարաբերություններ կառուցելու տեսանկյունից»:

Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Չարլզ Թանոքն էլ Թուրքիային առաջարկել է «որպես դիվանագիտական ժեստ բացել սահմանը»:

Իսկ Կիպրոսի ներկայացուցիչ Հաջիգորգուս Թակիսը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ասել է. «Ուզում եմ ուշադրության հրավիրել բոլորի ուշադրությունը այդ փաստի վրա: Նաև նշեց, որ Թուրքիան չի կարող արհամարհել ողջ միջազգային հանրությանը, որ կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե ուզում է ԵՄ անդամ դառնալ, պետք է լուծի քրդերի, հայերի և հույների հետ իր խնդիրները»:

Քննարկմանը միջադեպ է տեղի ունեցել։ Իտալիայի ներկայացուցիչ Բորգեզիո Մարիոն իր ելույթի ընթացքում խիստ վրդովվել է՝ խոսելով Էրդողանի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին. «Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»: Այս հայտարարությանը հաջորդել են Եվրախորհրդարանի անդամների ծափահարությունները:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---