Ղազախստանը բացառում է միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ-ում

Ղազախստանը բացառում է միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ-ում

PanARMENIAN.Net - Ղազախստանը բացառում է միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ-ում, հայտարարել է Ղազախստանի ազգային տնտեսության փոխնախարար Տիմուր Ժակսիլիկովը:

«Ղազախստանը հստակ ու հետևողական դիրքորոշում ունի ԵՏՄ շրջանակում միասնական և անդրազգային արժույթի ներմուծման վերաբերյալ: Այդ հարցերը մենք չենք քննարկում: Սա օրակարգային հարց չէ»,-ասել է Ժակսիլիկովը Աստանայում կայացած ճեպազրույցում:

«Այդ ուղղությամբ աշխատանք չի տարվելու: ԵՏՄ շրջանակում մինչև 2025 թ. մենք մտադիր ենք միայն ներդաշնակեցնել օրենսդրությունները ֆինանսական շուկաների կարգավորման ոլորտում»,-ասել է փոխնախագահը: «Այստեղ ոչինչ չի ասվում մոնետար կամ արժութային միության ստեղծման կամ դրա հեռանկարների մասին»,-հավելել է Ժակսիլիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի տնտեսության և ֆինանսական քաղաքականության գծով անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովը հայտարարեց, որ արժութային միության ստեղծում դեռ չի նշանակում միասնական արժույթի ներմուծում ԵՏՄ երկրներում:

Ըստ նրա, թեև Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանն այժմ աշխատում են խորացնել ֆինանսական համակարգերի փոխգործակցությունը, տնտեսական ինտեգրման առկա մակարդակը ցույց է տալիս, որ «օբյեկտիվ տնտեսական նախադրյալներ միասնական ազգային արժույթի ներմուծման համար ԵՏՄ անդամ պետություններում այսօրվա դրությամբ չկան», հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ ԵՏՄ միասնական արժույթի ներմուծման հարցն այսօրվա գործ չէ:

«Հարցական է, թե ինչպես է գործելու այդ արժութային միությունը կամ ինչ արժույթ է լիենլու: Այս հարցն օրակարգի վերջին հարցը պետք է լինի, ոչ թե առաջին»,-հայտարարել է Լուկաշենկոն Bloomberg-ին տված հարցազրույցում, որից հատվածներ է հրապարակել նախագահի մամուլի ծառայությունը:

Նրա կարծիքով, ԵՏՄ-ում կան այլ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք պետք է օպերատիվ լուծում ստանան: «Երբ մենք Աստանայում երեքով քննարկում էինք միասնական արժույթի ստեղծման հարցը, նախագահ Պուտինն ասաց, որ ավելի խորը տնտեսական համագործակցություն հաստատելու համար, մենք մի օր կանգնելու ենք միասնական արժույթի ստեղծման անհրաժեշտության առաջ: Դե, հնարավոր է, որ նման հարց առաջանա, ինչպես եվրոն առաջացավ Եվրամիությունում, հնարավոր է: Բայց դա այսօրվա հարց չէ»,-ասել է նա:

Նախագահը նշել է, որ «հարց չի դրվել այսինչ ժամկետում, նույնիսկ երկարաժամկետ, միասնական արժույթ ներմուծելու մասին»՝ պարզաբանելով, որ խոսքն այդ հարցի շուրջ փորձագիտական աշխատանքի մասին էր, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները:

Դեռևս նախորդ տարի Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ենթադրում են Եվրասիական Կենտրոնական բանկի ստեղծում մինչև 2025 թվականը և միասնական արժույթի ներմուծում Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի համար: «Սակայն արտաքին քաղաքական իրավիճակը, հավանաբար, ազդեց տնտեսական որոշումների վրա և Ռուսաստանի նախագահը որոշեց արագացնել գործընթացը»,-կարծում է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը: Միասնական եվրասիական արժույթի աշխատանքային անվանումն ալտին է: Այս տարբերակի մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, կա նաև մեկ այլ անվանում, որ քննարկվում է՝ եվրազ:

Մարտի 20-ին Աստանայում տեղի ունեցած Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման շուրջ բանակցություններին: «Կարծում եմ, ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միության ձևավորման մասին»,-ասել է Պուտինը՝ անդրադառնալով մոնետար քաղաքականության համակարգմանը: Ըստ նրա, «ուս ուսի աշխատելով» ավելի հեշտ է պաշտպանել ընդհանուր ֆինանսական շուկան:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---