Անկարան Օլանդի Երևան այցի մասին. «Ֆրանսիան նախընտրեց շարունակել իր խտրական մոտեցումը»

Անկարան Օլանդի Երևան այցի մասին. «Ֆրանսիան նախընտրեց շարունակել իր խտրական մոտեցումը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն առանձին հայտարարությամբ դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթը Երևանում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:

Թուրքիայի ԱԳՆ-ն նմանատիպ դատապարտող հայտարարություններով է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Պուտինի, ԱՄՆ նախագահ Օբամայի, Գերմանիայի նախագահ Գաուկի հասցեին:

Թուրքիային զայրացրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Երևան և նրա հայտարարությունները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ֆրանսուա Օլանդը մասնակցեց Երևանում ապրիլի 24-ի միջոցառմանը, որը փոխանակ անցյալի կորուստների ոգեկոչման արարողություն դառնար, վերածվեց Թուրքիայի ինքնությունը, պատմություն և հասարակությունը զրպարտող մի առիթի։ Ցավալի է, որ նա ևս մեկ անգամ վերահաստատեց իր աջակցությունը հայկական ազգայնական մեկնաբանությանը»,- հայտարարում է Թուրքիան՝ «միանշանակ մերժելով և դատապարտելով Ֆրանսիայի անարդար և կողմնակալ վերաբերմունքը»։

Թուրքիան նաև նշում է՝ Օլանդից ակնկալում էին, որ երևանյան միջոցառումների ժամանակ գոնե կընդուներ, որ Օսմանյան կայսրության քաղաքացիները, անկախ իրենց ազգությունից և կրոնական պատկանելությունից, կայսրության փլուզման ընթացքում ողբերգական տառապանքներ են կրել.- «Ֆրանսիան, դժբախտաբար, նախընտրեց շարունակել իր խտրական մոտեցումը»։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասաց. «Գիտակցում ենք նաև, որ մեկուկես միլիոն հայերի ոչնչացմամբ, անհետացմամբ մեկ դար առաջ ցեղասպանության բառը հայտնագործվեց: Լեմկինը 1944 թվականին հորինեց ցեղասպանության բառը: 2001 թվականից Ֆրանսիան օրենքի ողջ հանդիսավորությամբ հրապարակավ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: 2001 թվականից ընդունված օրենքը ճշմարտության անհրաժեշտ ակտ էր, քանի որ միայն ճշմարտությունը կարող է մեղմել ցավը, հանգստացնել ներկաներին, հիշողության տուրք մատուցել զոհեին: Այդ օրենքը նաև հարգալից օրենք է, չի մեղադրում ներկան անցյալի մեղքերի պատճառով, համապատասխանում է Ֆրանսիայի արժեքներին, քանի որ Ֆրանսիան միշտ ցանկանում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր մարտնչում են իրենց ամենասուրբ իրավունքների համար»,- ասաց Ֆ. Օլանդը: Նա նշեց, որ Ֆրանսիան պայքարում է ժխտողականության դեմ, քանի որ դա նշանակում է վերստին իրագործել կոտորածները, Ֆրանսիան տարբերակում չի դնում ողբերգությունների միջև. «Ֆրանսիան միշտ ներկա է, Ֆրանսիան միշտ հակազդում է»:

«Այդ պատճառով կարևոր է այսօր լինել Երևանում՝ կոչ անելու բոլորին պաշտպանելու բոլոր փոքրամասնություններին, հատկապես Արևելքի քրիստոնյաներին, որոնք Մերձավոր Արևելքի հարստությունն են: Մենք պարտավոր ենք ցուցաբերել մեր համերաշխությունը, աջակցությունը, մենք պետք է պաշտպանենք բոլոր ժողովրդավարական պետություններին՝ այդ տարածաշրջանում կերտելու համատեղ ապագա»,-ասաց նա:

Ֆրանսուա Օլանդի խոսքով, ոգեկոչել ցեղասպանությունը՝ նշանակում է ընդունել մի ողբերգություն, որն իր ողջ ծավալով հարվածել է ողջ մարդկությանը, ոգեկոչել զոհերի հիշատակը, նշանակում է թույլ չտալ, որ այլ ոճրագործություններ վերստին տեղի ունենան աշխարհում. «Այդ պատճառով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ֆրանսիայի համար պարտավորութուն է՝ հիշեցնելու համար այդ ոճրագործության հսկայական ծավալները, հիշողության տուրք մատուցել զոհերի հիշատակին, միաժամանակ ցեղասպանության հիշողությունը փոխանցել հետագա սերունդներին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---