Նեպալի երկրաշարժից հայեր չեն տուժել

Նեպալի երկրաշարժից հայեր չեն տուժել

PanARMENIAN.Net - Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արտյոմ Խաչատրյանի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ Ա. Խաչատրյանի՝ զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Ա. Խաչատրյանը ուղիղ կապի մեջ է Նեպալի իշխանությունների հետ. տվյալների ճշգրտումը շարունակվում է:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներգրավմամբ ճշգրտվում է, թե կարող են արդյոք Նեպալում գտնվել ՀՀ քաղաքացիներ: Թեժ գիծն ինչպես միշտ նույնն է՝ 9-11:

Ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 28.330 և արևելյան երկայնության 84.750:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ: Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3218-ի:

Փրկարարական գործողությունները կատարվում են ուղղաթիռի оգնությամբ` հարյուրավոր մարդիկ կարող են լինել Բհիմսենի փլուզված աշտարակի փլատակների տակ: Հոսպիտալները լի են տուժածներով: Իշխանությունները ռադիոյի միջոցով խնդրում են բնակիչներին հանգստություն պահպանել և դրսում մնալ` ցնցումները կարող են կրկնվել:

Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: Հատկապես բարդ է իրավիճակը Նյու Դելիում, ինչպես նաև երկրի հյուսիսում` Լաքհնաու քաղաքում և արևելքում` Պատնայում: Ըստ NDTV հեռուստաալիքի, շաբաթ առավոտյան 7,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել նաև Հնդկաստանի արևելքում և հյուսիսում: ԶԼՄ-ները հաղորդում են 7 զոհի մասին: Տարերքի ուժը զգացել են նաև Ասամ, Արունաչալ-Պրադեշ, Խիմաչալ-Պրադեշ, Չանդիգարխ, Փենջաբ, Գուջարաթ և Հարիանա գավառներում: Վարչապետ Նարենդրա Մոդին կառավարության արտահերթ նիստ է գումարել բնակչությանը օգնություն ցուցաբերելու շտապ միջոցառումների մշակման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---