Սերժ Թանկյան. Ակտիվիստ էի երաժիշտ լինելուց առաջ՝ Թուրքիայի մերժողականությունը ստիպեց

Սերժ Թանկյան. Ակտիվիստ էի երաժիշտ լինելուց առաջ՝ Թուրքիայի մերժողականությունը ստիպեց

PanARMENIAN.Net - Տոհմը, ծագումը, մշակույթն են հայ դարձնում, մեծանալով ԱՄՆ-ում, ամերիկյան մշակույթում հայ ինքնությունը պահպանելը բանաձևել է հանրահայտ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանում հյուրընկալվելու ժամանակ բուհի ուսանողների The Bridge կայքին տված հարցազրույցում:

«Լեզուն նույնպես իր դերն ունի։ Իմ ընկեր Վահե Բերբերյանը վերջերս Հարավային Կալիֆորնիայի համալսարանում հրաշալի դասախոսություն է ունեցել։ Նա շատ հետաքրքիր տեսակետ ունի մեր լեզվի պահպանման մասին, որը մենք բոլորս պարտադիր պետք է իմանանք։ Հայկական մշակույթն իմ մեծ մասն է կազմում։ Եթե դուք հայացք նետեք պատմությանը, ապա կտեսնեք, որ սահմանները փոխվում են, պետության ղեկավարները փոխվում են, մարդկության գույնը փոխվում է, սակայն մշակույթի գեղեցկությունը մնում է, և հայկական մշակույթը շատ հին և գեղեցիկ մշակույթներից մեկն է»,- նշել է Թանկյանը:

Հարցին, թե եղե՞լ է այնպիսի իրավիճակ, երբ վախեցել է՝ ինչ-որ մեկը կսպառնա իրեն, քանի որ քաղաքական գործիչները սովորաբար չեն սիրում քաղաքական ակտիվիստներին, Թանկյանը պատասխանել է, որ այդ ամենը ճշմարիտ է, սակայն յուրաքանչյուրն ինքն է ընտրություն կատարում:

«Իմ ընտրությունը վաղուց է կատարվել։ Ես ակտիվիստ էի նախքան երաժիշտ դառնալը։ Թուրքիայի մերժողականությունն է, որ ինձ ստիպեց ակտիվիստ դառնալ։ Ես սկսեցի տեղեկանալ մարդկանց իրավունքների, շրջակա միջավայրի խնդիրներին մասին, և դա ինձ թույլ տվեց ավելին իմանալ։ Երբեմն ես վախենում եմ, սակայն դա չի նշանակում, որ ես կարող եմ չասել ճշմարտությունն իշխանություններին, մենք բոլորս պարտավոր ենք դա անել։ Վերջիվերջո, բոլոր ազգերը և մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը»,- պատմել է Թանկյանը։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապագայի մասին՝ երիտասարդների շփման համատեքստում, հարցին երաժիշտը պատասխանել է, որ երկու անձի միջև ցանկացած հարաբերություն պետք է առողջ լինի, հիմնված փոխադարձ հարգանքի և արդարության վրա։

«Ես ապագան տեսնում եմ այնպիսին, որտեղ Հայաստանը և Թուրքիան լավ հարաբերություններ ունեն։ Ես տեսնում եմ այնպիսի ապագա, որտեղ կա ապաքինում, սակայն դա պետք է լինի արդարության միջոցով, դա չի կարող լինել ամեն ինչ մոռանալու շնորհիվ»,- նշել է երաժիշտը։

Թանկյանը Երևանում է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությամբ, որի երևանյան համերգը Հանրապետության հրապարակում էր ապրիլի 23-ի երեկոյան: Շրջագայությունը մեկնարկել է ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և ներառում է համերգներ աշխարհի 14 բեմերում: Ապրիլի 10-ին SOAD-ը Լոնդոնում էր՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի»-ում:

SOAD-ը փորձել է այս շրջագայության ժամանակ համերգ ունենալ նաև Թուրքիայում, սակայն պատասխանելով ամերիկյան NPR ռադիոկայանի հարցին, Սերժ Թանկյանը նշել է՝ որ այնտեղից պատասխանել են՝ «քանի որ իրենք System of a Down-ն են, կպահանջվի վարչապետի գրասենյակի հատուկ թույլտվությունը»: Խումբը սպասել է մեկ-երկու ամիս, և պատասխան այդպես էլ չի ստացել:

Խումբը հայտարարել է, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին իրազեկութումը, որն իրականացվել էր 1.5 մլն հայերի՝ այժմ Թուրքիա կոչվող երկրի սահմաններում ապրող փորամասնության հանդեպ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---