«Գազպրոմ». ՀՀ-ի համար գազի գինը կնվազի՝ կազմելով 165 $/մ³

«Գազպրոմ». ՀՀ-ի համար գազի գինը կնվազի՝ կազմելով 165 $/մ³

PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսսիա 24» հեռուստաալիքի «Էներգետիկա» հաղորդումն անդրադարձել է Հայաստանի գազային ոլորտին և Ռուսաստանից մատակարարումներին: Հաղորդավարը նշել է, որ Հայաստանում գազի սպառումն ավելանում է, վերջին տարիներին Հայաստան գազամատակարարման ծավալն անցել է 2 միլիարդ խորանարդ մետր ցուցանիշը, և այն աստիճանաբար շարունակում է ավելանալ:

Հաղորդումն անդրադարձել է օրերս «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի երևանյան այցին: Նշվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում Երևանի համար ռուսական գազի գնի զեղչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։

«Հայաստանի Հանրապետության համար գազի գինը, հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, կնվազի, այն այժմ կազմելու է 165 դոլար խորանարդ մետրի համար: Մինչև վերջերս այն 190 դոլար էր: Կարող եմ ասել, որ գնային այս մակարդակը թույլ է տալիս մեզ իրականացնել նաև ներդրումներ գազատրանսպորտային համակարգի վերականգնման և արդիականացման ոլորտում»,- ասել է Միլլերը հաղորդմանը տված հարցազրույցում:

ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպմանը Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է մեր երկրում իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, որոնցում, ըստ նրա, կարևոր տեղ է զբաղեցնում նաև սոցիալական բաղադրիչը:

Հաղորդումը նաև ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե այսօր ինչ վիճակում է գտնվում Հայաստանում գազի ոլորտը և զարգանալու ինչպիսի հեռանկարներ ունի, գրում է Tert.am-ը։

«Մեր հայ գործընկերների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մշակելու ենք գազիֆիկացման գլխավոր սխեմա: Այս տարվա աշնանն այն պատրաստ կլինի: Այս սխեմայում որոշված կլինեն գլխավոր առաջնահերթությունները»,- նշել է Միլլերը՝ հավելելով, որ իրենք նպատակ ունեն Հայաստանում գազիֆիկացման մակարդակը հասցնել 100 տոկոսի:

Ռեպորտաժում անդրադարձ է կատարվել նաև Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանին և Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկին՝ պատմելով դրանց կարևորության և նախատեսվող արդիականացման ծրագրերի մասին:

Ապրիլի 28-ին ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել մինչև 2016 թվականը Հայաստան բնական գազի, նավթամթերքի և ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարումը երկարաձգելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը մեկ տարով՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, երկարաձգում է ներքին սպառման ծավալներով նավթամթերքի և բնական գազի, ինչպես նաև չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի ներկրումը Ռուսասատնից Հայաստան:

Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համաձայն՝ 2014 թվականին ՌԴ-ից Հայաստան է արտահանվել 1,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, 222 հազար տոննա նավթամթերք: 2014 թվականի առաջին-երկրորդ եռամսյակների ընթացքում չմշակված բնական ադամանդների մատակարարում չի իրականացվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---