Բելառուսական ապրանքների արտահանման ծավալները ԵՏՄ երկրներ կնվազեն

Բելառուսական ապրանքների արտահանման ծավալները ԵՏՄ երկրներ կնվազեն

PanARMENIAN.Net - Թարմացված վիճակագրական տվյալները հաստատում են Ռուսաստան, Ղազախստան և Հայաստան բելառուսական արտադրության ապրանքների արտահանման ծավալների նվազումը: Այնուամենայնիվ, հունվար-փետրվարին բելառուսական ընկերություններին հաջողվել է ավելացնել առաքումները մի քանի ուղղություններով:

Ինչպես գրում է «Դելո» գործարար հանդեսը, ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, ընթացիկ տարվա հունվար-փետրվարին բելառուսական ընկերությունների ռուսական շուկա արտահանման ծավալները նվազել են 39,2 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մի փոքր ավելի բարվոք է արտահանման պատկերը դեպի Ղազախստան և Հայաստան` անկումը համապատասխանաբար կազմել,է 23,7 և 27,29 տոկոս:

Ռուսական շուկայում ամենավատ դիրքում են հայտնվել բեռնատարների (-63%) , գյուղտեխնիկայի (-39,6%), տրակտորների (-22,6%) և նավթամթերքի (-50,1%) բելառուս արտադրողները: Իսկ ահա համեմատաբար վատ չէ վիճակը ՌԴ անվադողեր, սառնարաններ, կահույք, դեղորայք, ինչպես նաև կաթ, պանիր և կաթնաշոռ արտահանող ընկերությունների պարագայում: Չնայած, որ այդ ընկերությունների արժույթով արտահայտված շահույթը ռուսական շուկայում նվազել է նախորդ տարվա համեմատ, ֆիզիկական ծավալները զգալիորեն աճել են:

Հետաքրքրական է, որ ղազախական և հայկական ուղղություններում բելառուս արտադրողները ձգտում են հատուցել կորուստները, կապված ռուսական շուկայի հետ: Օրինակ, բելառուսական բեռնատարների արտահանումը Ղազախստան հունվար-փետրվարին աճել է 4 անգամ, իսկ նավթամթերքի` 12 անգամ: Դեպի Հայաստան ավելացել է ավտոմեքենաների պահեստամասերի ու հատուկ տեխնիկայի արտահանումը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---