Միջկրոնական աղոթք Վաշինգտոնի մայր տաճարում. «Եկե՛ք համատեղ ուժերով վիրակապենք մարդկության վերքերը»

Միջկրոնական աղոթք Վաշինգտոնի մայր տաճարում. «Եկե՛ք համատեղ ուժերով վիրակապենք մարդկության վերքերը»

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին երեկոյան Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք է կայացել, որին ներկա են եղել նաև աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ Ամենայն Հայոց ու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:

Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով: Միջկրոնական աղոթքի արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, նախագահող եպիսկոպոս և Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ Քեթրին Սքորին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը, բազմաթիվ հոգևորականներ, ԱՄՆ հայ համայնքի հազարավոր անդամներ, ամերիկացի դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Վաշինգտոնի մայր տաճարում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է.

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Վաշինգտոնի մայր տաճարում. տաճար, որի հիմքում Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմից բերված քարն է՝ «Խոսքը մարմին էր և բնակվեց մեր մեջ» փորագրությամբ: Այս տաճարում իր վերջին քարոզը հնչեցրեց իրավահավասարության ականավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգը, ով կյանքում մի երազանք ուներ միայն՝ «արդարության և խաղաղության հաստատումը»:

Այս տաճարում իր վերջին հանգրվանն է գտել Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը, ով բացառիկ դերակատարում է ունեցել միջազգային հարաբերություններում ազատական, ավելին` իդեալիստական գաղափարախոսության ամրագրման գործում: Եվ որքան էլ նրան համարեն իդեալիստ հենց այդ գաղափարախոսության ծնունդ էր միջազգային կազմակերպությունների համակարգի հիմնադրումը, մարդու և քաղաքացու իրավունքների միջազգային պաշտպանության առաջին դրսևորումները, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների ամրագրումը: Հայ ժողովրդի հիշողության մեջ նա ընդմիշտ կմնա որպես մեզ ձեռք մեկնած միջազգային առաջնորդ, ով ուներ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման արդար տեսլական:

Հետևաբար խորհրանշական է, որ այսօր այս տաճարում տեղի է ունենում միջկրոնական աղոթք՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, և կհնչեն Սաղմոսի խոսքերը առ այն, որ «բարությունն ու ճշմարտությունը հանդիպեն միմյանց, և արդարությունն ու խաղաղությունը տարածվեն»:

Մի՞թե բարության ու մարդասիրության պակասի պատճառով չէր, որ հարյուր տարի առաջ մեկուկես միլիոն հայ զոհ գնաց «սպանել, քանի որ տարբեր է» կարգախոսին: Միթե՞ արդարության և խաղաղության բացակայությունը չդարձավ 6 միլիոն հրեաների սպանության պատճառ, միթե՞ անհամերաշխության հետևանք չեն մարդկության պատմության մատյանում այսօր գրված Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների էջերը: Արդյո՞ք համախմբվածության պակասի և ժամանակին համապատասխան քայլեր չձեռնարկելու պատճառով չէ, որ այսօր էլ Մերձավոր Արևելքում փոքրամասնություններն անցնում են նույն դժոխային ուղին, ինչ հայերն ու հրեաները, թութսիներն ու սուդանցիները:

Ցավալիորեն՝ այո՛: Եվ, ցավոք, բոլորս ստիպված ենք խոստովանել, որ որպես միջազգային հանրություն՝ չունենք նման երևույթները կանխելու հուսալի մեխանիզմներ: Ավելին՝ մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի մեջ և ցինիզմ՝ մեկնաբանություններում:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ բազմազանության և բազմակարծության, ժողովրդավարության և ազատության բնօրրանում, գոհունակության խոսք եմ հղում ձեզ առ այն, որ այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշխարհի տարբեր երկրներն ու ժողովուրդները նորովի համախմբվեցին ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարի շուրջ՝ հայտարարելով, որ միասնական են արդարության վերականգնման և ճշմարտության հաղթանակի հարցերում: Նման համախմբման վառ օրինակ է նաև այս պահը՝ համերաշխությանն ուղղված միջկրոնական աղոթքով:

Արդարության և ճշմարտության համար մղվող մեր հարյուրամյա պայքարի ընթացքում մենք մշտապես զգացել ենք նաև ԱՄՆ-ի աջակցությունը: Ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ինչպես բնորոշել է մեծ ամերիկահայ Վիլյամ Սարոյանը՝ «այստեղ հանդիպեցին ցեղասպանությունից մազապուրծ հայերը, ծիծաղեցին ու աղոթեցին իրենց մայրենի լեզվով՝ ստեղծելով մի նոր Հայաստան»:

Ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դեռևս 19-րդ դարի վերջին խստորեն դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը և օգնության ձեռք մեկնել տարագիր հայերին։ Հիշենք Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հերոսական ու բացառիկ առաքելությունը՝ օվկիանոսից այն կողմ տառապյալ հայերին օգնություն ցուցաբերելու համար: Ամերիկյան հասարակությունը բողոքի ձայն բարձրացրեց նաև 1915-1923 թվականներին՝ հայերի զանգվածային կոտորածների և տեղահանության դեմ, որը հետագայում պետք է որակվեր որպես ցեղասպանություն։ Ամերիկյան մամուլն ամեն օր տպագրել է այս ողբերգական իրադարձությունների ականատես դիվանագետների, միսիոներների, հրաշքով փրկված հայերի պատմածները, իսկ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է հավերժացվել հայերի բարեկամների շարքում: Ժամանակին նա դարձավ առաջին ամերիկացին, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ որպես «ազգի ոչնչացման արշավ» որակելով Հայոց ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը հավերժ կհիշի նաև հարյուրավոր այն ամերիկացիներին, ովքեր Հայաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի տարածքում որբանոցներ հիմնեցին՝ մահից փրկելով և խնամելով ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայ որբերի:

Մեր օրերում էլ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը հստակ գնահատականներ տալու փորձեր են կատարվում: Միայն այն փաստը, որ արդեն 44 նահանգ ճանաչել և դատապարտել է մարդկության դեմ իրագործված այդ ոճիրը, արդեն իսկ ասածիս վառ ապացույցն է: Հուսով եմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է:

Ինչպես իր հուշերում գրում է Հենրի Մորգենթաուն, թուրքական յաթաղանի վտանգի ներքո հեռանալով օջախներից, որոնցում նրանց նախնիներն ապրել էին դեռևս 2500 տարի առաջ, հայերն ասում էին. «Աղոթե՛ք մեզ համար»: Օրերս Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ մեկուկես միլիոն նահատակներն արդեն սրբեր են: Ուստի նրանց համար աղոթելու հետ մեկտեղ, եկեք աղոթենք, որ ճշմարտության և արդարության պահանջը լինի մշտարթուն ու ղողանջի հավերժ, ինչպես 100-րդ տարելիցի նախօրեին ամբողջ աշխարհով հնչող եկեղեցիների հարյուր զանգերը: Եկե՛ք համատեղ ուժերով վիրակապենք մարդկության վերքերը՝ հասնելու համար արդարության և խաղաղության մեզանում և ամբողջ աշխարհում:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---