ՀՀ նախագահի ելույթը Ռիգայում. Ադրբեջանը շարունակում է սադրել՝ ձգձգելով ԼՂՀ հարցի կարգավորումը

ՀՀ նախագահի ելույթը Ռիգայում. Ադրբեջանը շարունակում է սադրել՝ ձգձգելով ԼՂՀ հարցի կարգավորումը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըմայիսի 21-ին Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: Ելույթ ունենալով, երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և ՀՀ-ն հանձնառու է խորացնելու և էլ ավելի ամրապնդելու ԵՄ հետ գործակցությունը:

«Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու գործակցությունը»,- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, որպես գործընկերություն միավորող ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում: Նախագահի համոզմամբ՝ հետագա գործակցության հիմքում պետք է պահպանել հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը:

«Ողջունում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված «Դեպի նոր Եվրոպական հարևանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած է գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու և նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը, ինչն իրապես կնպաստի ԵՄ հետ գործակցության հնարավոր ուղղությունների և նոր հեռանկարների բացահայտմանը»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ գործընկերների անդամակցությունը որևէ կառույցի չի սահմանափակում այլ կառույցների հետ գործակցությունը:

Անդրադառնալով Եվրոպայում ստեղծված իրավիճակին, նախագահ Սարգսյանը նշել է՝ Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլև իր քաղաքականությունը կառուցեց տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության հիման վրա:

«Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում»,- նշել է նա:

Խոսելով եվրոպական տարածաշրջանում գործակցության և անվտանգության ապահովման մասին՝ ՀՀ ղեկավարն անդրադարձավ նաև ԼՂՀ հակամարտությանը՝ նշելով. այն շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար:

«Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների և հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ:

Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին և դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Եզրափակելով՝ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման համար:

Կարդացեք նաև՝ Ռիգայի գագաթնաժողովի հայկական ինտրիգը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---