Նախագահ Սարգսյանը և Մերկելը Ռիգայում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Նախագահ Սարգսյանը և Մերկելը Ռիգայում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական միջպետական հարաբերություններին վերաբերող հարցեր՝ գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին շրջանում նշանակալիորեն ընդլյանվել և հարստացել է հայ-գերմանական համագործակցության օրակարգը, որն ամրապնդվել է համագործակցության շուրջ վեց տասնյակ համաձայնագրով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Հայաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին: Այդ հարաբերությունների խորացման գործում ՀՀ նախագահը կարևորել է ԵՄ-ում ծանրակշիռ դեր ունեցող Գերմանիայի դերը:

Անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ կապակցությամբ Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Գերմանիայում տեղի ունեցած հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըմայիսի 21-ին Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: Ելույթ ունենալով, երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և ՀՀ-ն հանձնառու է խորացնելու և էլ ավելի ամրապնդելու ԵՄ հետ գործակցությունը:

«Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու գործակցությունը»,- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, որպես գործընկերություն միավորող ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում: Նախագահի համոզմամբ՝ հետագա գործակցության հիմքում պետք է պահպանել հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---