Ծիրան 2015-ին շատ է լինելու. Գյուղփոխնախարարը նման բերք 40 տարի է՝ չի տեսել

Ծիրան 2015-ին շատ է լինելու. Գյուղփոխնախարարը նման բերք 40 տարի է՝ չի տեսել

PanARMENIAN.Net - Այս տարի ծիրանի և խաղողի առատ բերք է սպասվում, վստահեցրել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ հավելելով, որ այս տարի պտղի արտադրության քանակը նախորդ տարվա համեմատ կաճի, քանի որ պայմանները նպաստավոր են:

«Գյուղատնտեսության ոլորտում 40 տարվա փորձ ունեմ, բայց այդպիսի ծիրանի բերք չեմ տեսել: Հիանալի բերք կա Արմավիրի մարզում»,- ասել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ չնայած 2014-ին Արմավիրում 9.24 հա խաղողի այգիներում ֆիլոքսերիա հիվանդություն էր հայտնաբերվել, խաղողի արտադրության ծավալն այս տարի կավելանան, գրում է Panorama.am-ը:

«Արդեն իսկ կատարվել են վարակի տարածումը կանխող միջոցառումներ: Այս տարի ուսումնասիրություններ կկատարվեն Արմավիրի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում, որպեսզի խողողի այգիներում կարողանանք կանխարգելել հիվանդության տարածումը»,- նշել է Գալստյանը: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, գյուղատնտեսական տարին բարենպաստ է, գարնան ու աշնանը բնական պրոբլեմներ գրեթե չեն եղել այս տարի, չնայած օրեր առաջ Հայաստանի մի քանի մարզում կարկտահարություն է գրանցվել: Նրա խոսքերով՝ մասնագիտական խմբերը Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի և Արարատի մարզերում նախնական ուսումնասիրություն են արել, ու հիմա ճշգրտվում է 12 համայնքում հասցված վնասների չափը:

Մայիսի 15-ին Արագածոտնի Արտենի գյուղում տեղացած կարկուտից վնասվել էին ցանքատարածություններ, ծիրանի և խնձորի այգիներ՝ մոտ 400 հա: Աշտարակում ևս կարկուտ էր տեղացել: Վայոց ձորի Ռինդ գյուղը կարկուտից նույնպես վնաս էր կրել՝ կարկուտը հարվածել էր ցանքատարածություններին, բանջարաբոստանային կուլտուրաներին և պտղատու այգիներին:

Հարցին, թե արդյոք կարկտահարությունից տուժած գյուղացիները վնասների փոխհատուցում կստանան, Գալստյանը խորհուրդ է տվել զգուշավորությամբ կիրառել փոխհատուցում բառը:

«Փոխհատուցում տրվում է այն դեպքում, եթե կա պայմանագրային հարաբերություններ: Ցանկացած տարերային աղետի դեպքում պետությունը պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում օժանդակել»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ վնասի ճշգրտումից հետո արդյունքը կներկայացվի Կառավարությանը:

2014-ին Հայաստանից արտահանման ծավալները նվազել էին, ինչը 2013-ի համեմատ պայմանավորված էր ծիրանի բերքի սակավությամբ, քանի որ նախորդ տարի արտահանված թարմ պտուղբանջարեղենի ընդհանուր ծավալի ավելի քան 36 տոկոսը կազմել է ծիրանը: Բերքի սակավությունը պայմանավորված էր գարնան ուժեղ ցրտահարությամբ, որի ընդհանուր վնասը կազմել էր մոտ 11 մլրդ 181 մլն դրամ::

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---