Լավրովը զգուշավոր լավատես է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում

Լավրովը զգուշավոր լավատես է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դիտարկում է իր արտաքին քաղաքական գերակայությունների շարքում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին:

«ՌԴ-ն նախկինի պես որպես իր արտաքին քաղաքականության առաջնայնություններից է համարում աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև պայմանավորվածության ձեռք բերմանը: Ակտիվորեն շարունակելու ենք նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»,-ասել է Լավրովը:

Սերգեյ Լավրովը կարծում է, որ հարկավոր է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ըմբռնումը տեղափոխել ձևակերպումների հարթակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այն, որ հակամարտությունը չափից շատ ձգձգվեց, ոչ ոք չի ժխտում: Կա պայմանավորվածությունների համար իրական բազա: Այս հարցում էլ բոլորը համաձայն են: Այժմ հարկավոր է, որպեսզի այդ ընկալումն արտահայտվի կոնկրետ ձևակերպումների լեզվով»:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ սովորաբար «դա ամենահեշտ գործը չէ», սակայն հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին կարգավորման որոնման գործում: «Երեկ մենք մի քանի ժամ շարունակ քննարկել ենք մոտեցումները ղարաբաղյան հակամարտությանը, հաշվի առնելով այն աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից»,-ասել է նախարարը: Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, նա «զգուշավոր, սակայն ամրապնդվող լավատեսությամբ է ընկալում իրավիճակը»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ էր հանդես եկել` կապված Ադրբեջանի ԱԳ նախարարի Մոսկվա առաջիկա այցի հետ: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, արդեն մոտ երկու տասնամյակ է շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հաշվի առնելով աշխարհագրական հարևանությունը և մեր ժողովրդների ընդհանուր պատմությունը, հակամարտության հանգուցալուծումն ունի մեզ համար առաջնային նշանակություն և դասվում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին: Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից: Ոչ կողմերը, ոչ միջնորդները չպետք է հույսները դնեն, թե ինչ-որ տեղից կհայտնվեն ղարաբաղյան հակամարտության կայծակնային լուծման «կախարդական դեղատոմսեր»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---