«Արմեն» որբանոցը փոխանցվել է հայերին. Շինընկերության հետ վեճը կարգավորվել է

«Արմեն» որբանոցը փոխանցվել է հայերին. Շինընկերության հետ վեճը կարգավորվել է

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին թուրքահայերը լուրջ հաջողություն են գրանցել. Ստամբուլի Թուզլա թաղամասում նրանք կարողացել են պահպանել քանդման ենթակա «Արմեն» որբանոցիտարածքի շինությունը, որը նախկինում ծառայել է իբրև մանկատուն։

Այդտեղ ժամանակին ապրել են հազարավոր հայ որբեր։

«Արմեն» որբանոցը հայ համայնքին պատկանած և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից է: Այստեղ 1915-ից հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, 1500 ավելի հայ որբեր են ապրել ու հայերեն սովորել: Նրանց թվում են եղել Հրանտ Դինքը և նրա կինը` Ռաքել Դինքը:

Մայիսի 24-ին հայտարարվեց, որ շինարարական ընկերության հետ վեճը կարգավորվել է, տարածքը սեփականատիրոջ` Ֆաթիհ Ուլուսոյի որոշմամբ կփոխանցվի հայ բողոքական եկեղեցուն և կրթական հիմնադրամին։ Այդ մասին հայտնել է «Նոր զարթոնք» անվամբ հայկական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսիս Կալկ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ալեքսիս Կալկի փոխանցմամբ՝ «Նոր զարթոնք»-ի և «Հայկական ճամբարի համերաշխության» ակտիվիստները 19 օր շարունակ նստացույց են անցկացրել շինության ավերումը թույլ չտալու համար։ «Մենք հետևելու ենք սեփականության փոխանցման գործընթացին, մինչև այն պաշտոնապես չավարտվի»,- ասել է Կալկը։

«Հայկական ճամբար» («Արմեն» ճամբար) անվամբ հայտնի այդ տարածքը պահպանելու համար հանրային պայքարը սկսվել է մայիսի 6-ին, այն լայն արձագանք է ստացել Ստամբուլում և ակտիվորեն քննարկվել է սոցիալական ցանցերում։ Լուրը, որ շինարարական ընկերությունը մտադիր է քանդել շինությունն ու այդ տարածքում շքեղ բնակելի համալիր կառուցել, մեծ վրդովմունք էր հարուցել Ստամբուլում, որտեղ հայերին աջակցություն են հայտնել նաև մեծ թվով թուրք քաղաքական և հասարակական գործիչներ։

Մարդիկ մեծ ոգևորությամբ են ընդունել շենքը պահպանելու որոշումը։ Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` «Հայկական ճամբարի» մոt օրուգիշեր հերթապահող ակտիվիստներից շատերն արտասվել են։ 55-ամյա Կարապետ Օրոնուզը, ով 1967-75 թվականներին ապրել է այդ հայկական որբանոցում, ասել է, թե խոսքերով ի զորու չէ արտահայտել, թե ինչ է իր համար նշանակում «Հայկական ճամբարը»։ «Այս տեղը հիշողության կենտրոն է», - ասել է Օրոնուզը։

Որբանոցը կառուցվել է 1962 թվականին հայ բողոքական եկեղեցու նախաձեռնությամբ։ 1987 թվականին թուրքական իշխանություններն առգրավել են համալիրը։

Թուրքիայում գտնվող «Արմեն» հայկական որբանոցի քանդման աշխատանքները, որոնք մեկնարկել էին մայիսի 6-ին, մեկ ամսով դադարեցվել են, մայիսի 8-ին գրել է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցի տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել: Այն այժմ գրանցված է գործարար Մեհմեթ Ալի Այդընարի ազգականի՝ Էրհան Այդընարի անունով: Վերջինս էլ իր հերթին տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին:

Ուլուսոյը մեկ ամսով դադարեցրել է քանդման գործընթացը: «Մեկ ամսվա ընթացքում եթե լուծում չգտնվի՝ քանդելու ենք»,- ասել է նա: Այդընարն ասել է, որ շինությունն իր անունով է գրանցված, սակայն ինքը դրա հետ որևէ կապ չունի, քանի որ առքուվաճառքի պայմանագիր կա:

«Ես շատ հայ ընկերներ ունեմ, սակայն այս պահին հանցավորի նման եմ: Ես պետությունից չեմ առել, հիմնադրամից չեմ առել: Օրինական ճանապարհով՝ գումարը վճարել եմ ու գնել: Ես շատ եմ վշտանում: Թուզլայում կյանքումս երկու անգամ եմ եղել, և եթե այժմ այն իմը լիներ, այդքան հուշեր պարունակող շինությունը կնվիրաբերեի: Սակայն մենք այժմ վաճառված գույքի մասին ենք խոսում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---