ՀՀ-ն նախատեսում է ավելացնել Լիբանանում իր խաղաղապահ զորախմբի թվաքանակը

ՀՀ-ն նախատեսում է ավելացնել Լիբանանում իր խաղաղապահ զորախմբի թվաքանակը

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին պաշտոնական այցով Լիբանանում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր լիբանանցի պաշտոնակից Ջեբրան Բասիլի հետ: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի ձևաչափով, ինչին հաջորդեցին բանակցությունները՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` Լիբանանի արտգործնախարարն ասաց, որ երկու պետությունների միջև ձևավորվել են օրինակելի հարաբերություններ, ինչը պայմանավորված է բարեկամական համագործակցության ամրապնդման երկուստեք ցանկությամբ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները շարունակեցին մեկ ամիս առաջ Երևանում մեկնարկած երկխոսությունը, երբ Ջեբրան Բասիլը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին: Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլն անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հարցերին, արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, փոխգործակցությանը բազմակողմ ձևաչափերում, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Երկուստեք ընդգծվեց, որ առկա է մեծ ներուժ՝ առևտրատնտեսական համագործակցության խորացման համար, և այս առումով զգալի աշխատանք կա իրականացնելու։

Անդրադառնալով լիբանանահայ համայնքին` նախարարները նշեցին, որ հայ համայնքը, մեծ դրական դերակատարություն ունենալով երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, հուսալի ու ամուր կամուրջ է հանդիսանում երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև: Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին արտերկրում հայկական և լիբանանյան համայնքային կառույցների միջև համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախմբի մասնակցությանը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը հայտնեց, որ Հայաստանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը:

Նոյեմբերի 26-ին Լիբանան մեկնեց հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը: Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնում է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում: Այն մասին, որ հայ խաղաղապահներ կտեղակայվեն նաև Լիբանանում մասնավորապես ասել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին իտալական Corriere della Serra թերթին տված հարցազրույցում: Նախագահն այն ժամանակ նշեց, որ ՀՀ կառավարությունը մշտապես սատարել է տարածաշրջանային կայունացմանն ուղղված խոշոր կոալիցիաների ջանքերին:

Բանակցություններին քննարկվեցին Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, կարևորվեց միջազգային հանրության համախմբումը ահաբեկչության դեմ պայքարում։

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլը, անդրադառնալով այս տարվա մարտին Հայաստանի, Լիբանանի, Ռուսաստանի և Վատիկանի նախաձեռնած՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների պաշտպանությանը նվիրված բարձր մակարդակի քննարկմանը, շեշտեցին այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Նախարար Նալբանդյանն իր լիբանանցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը:

ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժերը» (ՅՈՒՆԻՖԻԼ) տեղակայվեցին Լիբանանի հարավում 1978 թվականին, Իսրայելի ներխուժումից հետո: Մանդատով նախատեսվում է մինչև 15 հազար խաղաղապահների տեղակայում, այսօրվա դրությամբ Լիբանանում ծառայում է մոտ 10 հազար զինվորական, այդ թվում 1000 նավաստի: Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում ևս երկու երկրում` Աֆղանստանում և Կոսովոյում, ավելի վաղ՝ նաև Իրաքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---