«Թուրքական հոսքն» անսպասելի արգելքի է հանդիպել ի դեմս Մակեդոնիայի

«Թուրքական հոսքն» անսպասելի արգելքի է հանդիպել ի դեմս Մակեդոնիայի

PanARMENIAN.Net - «Գազպրոմի» համար դժվար է արձագանքել «Թուրքական հոսք» նախագծին Մակեդոնիայի հայտարարությունից հետո այն մասին, որ վերջինս կհամաձայնվի, որ խողովակաշարն անցնի իր տարածքով միայն ԵՄ հետ Ռուսաստանի պայմանավորվածության դեպքում:

«Կոմերսանտ» թերթի աղբյուրները կարծում են, որ քանի որ խողովակաշարը չի կարող շրջանցել Մակեդոնիայի տարածքը, ապա չի բացառվում, որ ցամաքային հատվածն այդպես էլ դուրս չի գա Թուրքիայի տարածքից: Պարբերականի զրուցակիցները նշում են, որ «Գազպրոմը» ստիպված կլինի սահմանափակվել լավագույն դեպքում Սև ծովով գազամուղի երկու թևի անցկացմամբ:

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրիվաչը հայտարարեց, որ տեսականորեն Ռուսաստանը կարող է խողովակաշարը Հունաստանից միանգամից հարավային Իտալիա տանել` ձևականորեն ստորջրյա գազամուղը ենթակա չէ ԵՄ պատժամիջոցներին, սակայն գործնականում թույլտվություն է պահանջում, իսկ այդ գործընթացը կարող է ձգձգվել: Մեկ այլ տարբերակ է Eastring նախագիծը` գազը ավստրիական Բաումգարտեն հասցնելու համար, սակայն դա բարդ է, քանի որ պահանջում է անդրբալկանյան գազամուղի գործարկում, որին «Գազպրոմը» չի մասնակցում:

Այնուամենայնիվ մինչև 2020 թ. Ուկրաինայի տարածքով տարանցումն ապահովելու շանսերը պահպանվում են: «Թուրքական հոսքի» երկու թևի հզորությունը տարեկան կկազմի 32 մլրդ խմ: Կեսը կվերցնի Թուրքիան, մնացած գազը կարող է հասնել Հունաստան և Բուլղարիա նվազագույն հավելյալ ենթակառուցվածքների դեպքում: Եթե կառուցվի Eastring-ը կամ նման մի բան, «Գազպրոմը» կարող է 15 մլրդ խմ առաքել Բալկաններ` օգտագործելով Անդրբալկանյան գազատարը ռեվերսային ռեժիմով: Իտալիայի և Կենտրոնական Եվրոպայի հաճախորդների պարտավորությունները կարող են փակվել Nord Stream ազատ հզորությունների հաշվին:

Ծայրահեղ դեպքում «Գազպրոմը» կարող է փակել շուկայի դեֆիցիտն Իտալիայում` Բալթիկայում կառուցվող գործարանից առաքումների հաշվին, սակայն դա ԵՄ հետ քաղաքական համաձայնեցում է պահանջում:

Ավելի վաղ ՌԴ-ն ստիպված եղավ հրաժարվել «Հարավային հոսք» գազամուղի կառուցումից, քանի որ Բուլղարիան հրաժարվեց իր տարածքը տրամադրել մինչև Մոսկվայի և Բրյուսելի միջև հարցի համաձայնեցումը: Մինչդեռ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարեց, որ Թուրքիան չի մասնացի «Թուրքական հոսքի» կառուցմանը:

Նա ասաց, որ կառուցման ավարտին ՌԴ-ն և Թուրքիան համատեղ ընկերություն կստեղծեն Էդիրնե գավառում գազի պահեստավորման համար, որտեղ գազամուղը ցամաք է դուրս գալու:

Յիլդիզը նշեց, որ Թուրքիան օգտագործում է իր աշխարհագրական դիրքի բոլոր հնարավորությունները, ուստի իշխանությունները մտադիր են կենտրոնանալ միանգամից երկու էներգետիկ նախագծի վրա` «Թուրքական հոսքի» և Անդրանատոլիական գազամուղի վրա:

«Թուրքական հոսքի» գազատարի շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը Միլլերը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Միլլերը և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մայիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են 2016-ի դեկտեմբերին «Թուրքական հոսք» գազատարը շահագործելու և գազի մատակարարումներն սկսելու մասին: Բազմաթիվ փորձագետներ այս ժամկետը ոչ իրատեսական են համարում՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ առկա մի շարք խնդիրները։

Նախագծի երկու գլխավոր մասնակիցները՝ Թուրքիան և Ռուսաստանը, չեն կարողանում վերջնական համաձայնության գալ մի շարք տեխնիկական հարցերի շուրջ։ Իսկ վերջին շրջանում Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա լարվածությունն այս առումով լավատեսություն չի ներշնչում: Իսկ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Սերբիան հրաժարվել է «Թուրքական հոսքով» գազ ստանալուց։ Սերբիան անհնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը, քանի որ սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը, ինչը ձեռնտու չէ Բելգրադին, հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Интерфакс-ին տված հարցազրույցում: Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սև ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

1100 կմ երկարությամբ գազատարը թուրք-հունական սահման կհասցնի մինչեւ 47 մլրդ խմ գազ «Թուրքական հոսքը» պետք է Հունաստանից անցնի Սերբիա, որտեղից էլ եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մինչ այժմ «Թուրքական հոսքով» հետաքրքվածություն է ցուցաբերել միայն Ավստրիան։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---