Լոս Անջելեսում ամերիկահայն ավարտել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր 55-օրյա ծոմը

Լոս Անջելեսում ամերիկահայն ավարտել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր 55-օրյա ծոմը

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Ամերիկայում բնակվող հայազգի Աղասի Վարդանյանը դուրս է եկել 55-օրյա ծոմապահությունից, որի նպատակն էր աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Վարդանյանի ընկերներն օգնում էին նրան դուրս գալ Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից ապակե փակ շինությունից և նստել սայլակը:

Վարդանյանը պատմել է ներկաներին, որ հայերը, իմանալով իր մասին, աջակցում էին նրան ամբողջ աշխարհից։ Նրա խոսքով՝ հատկանշական է, որ ծոմն ավարտվել է հենց մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։ Ծոմապահությունից առաջ տղամարդն ասել է, որ չի սնվի հանուն նրանց, ովքեր կտտանքների են ենթարկվել, բռնաբարվել են, անարգվել, մահվան երթերի ուղարկվել և սպանվել: «Ես չեմ սնվի, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեմ ժամանակակից Թուրքիայի կողմից դեռևս չճանաչված Հայոց ցեղասպանության հարցին», - ասել է Վարդանյանը, ապա ստացել վանահոր օրհնությունն ու մտել ապակե շինություն:

Ծոմապահությունից հետո տղամարդու քաշը մոտ 76 կգ է՝ 25 կգ-ով պակաս 55-օրյա ծոմը սկսելուց առաջ։ Մոտ 2 ամիս տղամարդը միայն ջուր է օգտագործել: Ապակե շինությունից դուրս գալուց հետո Վարդանյանն ասել է, որ իրեն լավ և բավարարված է զգում, գրել է Glendale News Press-ը:

Ծոմ պահելու օրերի քանակը պայմանավորված էր նրա տարիքով: Ամերիկահային նախկինում ևս հաջողվել էր 50 օր նմանատիպ ծոմ պահել, որից հետո որոշել էր գերազանցել սեփական ռեկորդը:

2015 թվականի ապրիլի 3-ին ամերիկահայ Աղասի Վարդանյանը սկսել է 55 օր տևողությամբ ծոմը Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից, 3 մ բարձրությամբ ու 3 մ լայնությամբ ապակե փակ շինությունում: Վարդանյանն իր հետ վերցրել էր խմելու ջուր, մաքուր հագուստ, աթոռ ու հեռուստացույց: Շինությունն ապակուց էր, ինչը թույլ էր տալիս մարդկանց միշտ հետևել ծոմ պահող տղամարդուն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---