Սադոյան. Հանրային խորհուրդն էլէներգիայի սակագինը բարձրացնելու որևէ հիմք չի գտել

Սադոյան. Հանրային խորհուրդն էլէներգիայի սակագինը բարձրացնելու որևէ հիմք չի գտել

PanARMENIAN.Net - Հանրային խորհուրդն ուսումնասիրել է ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար ներկայացված փաստաթղթերը և որևէ հիմք չի գտել՝ սակագինը բարձրացնելու համար: Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

«Մանրամասն ուսումնասիրել ենք բոլոր նյութերը, բոլոր բարդ թվերը ու այսօր կարող եմ ասել, որ մի կոպեկ անգամ չի կարելի թանկացնել, դա հակատնտեսական է Հայաստանի համար: Հայտարարում եմ, որ փաստաթղթերում որևէ բան հիմնավորված չէ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է աշխատանք տանել էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ուղղությամբ, հայտնում է Tert.am-ը:

Արշակ Սադոյանը նշել է, որ պետք է պատասխանատվություն կրեն ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այնպես էլ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության պատասխանատու անձինք, քանի որ անում են ամենը, որ ռուսական ընկերությունները հարստանան:

Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի, սակայն դեռ հայտնի չէ՝ որքան: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ հավելելով, որ հունիսի 9-ին կամ 10-ին, կհայտնեն սակագնի վերաբերյալ իրենց դիրքորոշումը:

«ՀԷՑ-ի շահույթը կազմում է հասույթի 8-12%-ը, որքան գազը թանկանում է, այնքան իրենց շահույթը մեծանում է»,- ասել է նա:

Հարցին, թե ինչ ուժ ունի Հանրային խորհրդի տված եզրակացությունը, Արշակ Սադոյանը պատասխանել է, որ կառույցը խորհրդակցական մարմին է միայն, սակայն արդեն ԱՀՀ նախագահի կարգադրությամբ մշակվել ու ԱԺ է ուղարկվել «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը:

Ինչ վերաբերում է անելիքներին, ապա Հանրային խորհրդի անդամը նշել է, որ պետք է զանգվածային ճնշում գործադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա:

«Ճնշումը էական դերակատարում կունենա հանձնաժողովի վրա, մարդիկ պետք է գնան ու ասեն՝ դեմ ենք»,- եզրափակել է նա:

Հունիսի 2-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախագահ Եվգենի Բիբինը փակ հանդիպում է անցկացրել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամների հետ, ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին ներկայացրած հայտի ու սակագնի բարձրացման հիմնավորումները:

«Անկեղծ ասած, ինքս էլ զարմացած եմ, որովհետև որևէ ապացույց, որևէ գրագետ հիմնավորում, որ իրենք նորմալ աշխատել են, չկար նրա խոսքում: ՀԷՑ-ը շատ լուրջ խնդրի առաջ է հայտնվել և դա վատ մենեջմենթի արդյունք է: Որևէ հիմնավորում, որը մեզ կբավարարեր, չեղավ»,-Բիբինի հետ հանդիպումից հետո ասել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ ներկայացված հիմնավորումները «հավաստի չէին, այդքան էլ տպավորիչ չէին, այդքան էլ հույս ներշնչող չէին»:

Սուր հարցերին ի պատասխան, ըստ էության, Բիբինն ընդամենը արդարացել է:«Ճիշտ է՝ նա ասում էր, որ չի արդարանում, պարզապես փաստեր է բերում, բայց այդ փաստերը համոզիչ չէին»,-հայտնել է Կարինե Աճեմյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---