Վրաստանում սգո օր է. ՀՀ-ն իր աջակցությունն է առաջարկել, զոհերի թվում նաև հայեր կան

Վրաստանում սգո օր է. ՀՀ-ն իր աջակցությունն է առաջարկել, զոհերի թվում նաև հայեր կան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Թբիլիսիում հունիսի լույս 14-ի գիշերը հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանրապետության նախագահն իր զորակցությունն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլիին և բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով տուժածների և զոհվածների հարազատներին ու ընտանիքներին:

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Տարերքի պատճառով ջրասույզ եղան անցումները, նկուղները, ջրով լցվեցին տների առաջին հարկերը, վնասվել են ճանապարհները, ենթակառուցվածքները։ Հեղեղումների հետևանքով 14 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել և 16-ն անհետ կորել: Թբիլիսիի կենդանաբանական այգուց գիշատիչներ էինփախել` գայլեր, վագրեր, արջեր, այգու տարածքն ամբողջողովին ավերված է: Իշխանությունները խնդրել են Թբիլիսիի բնակիչներին տներում մնալ, հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հունիսի 15-ը Վրաստանում սգո օր է հայտարարված:

Վնասները հաշվվում են, ըստ նախնական տվյալների, դրանք հասնում են 40 մլն լարիի` մոտ 18 մլն դոլարի: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձնարարել է ֆինանսների նախարարությանը տուժած յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 10 հազար լարի` մոտ 4,5 հազար դոլար:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդեսացող երեք հայեր՝ Ժաննա Եղիազարովա, Սվետլանա Եղիազարովա և Լիանա Եղիազարովա։ Զոհվել է նաև Նանա Թիլիշվիլի-Եղիազարովան, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հունիսի 15-ին ժամը 11:00-ին Սուրբ Էջմիածնին կից գործող «Հայարտանը» պետք է հավաքվեն հայեր, որպեսզի որպես կամավորների գան փրկարարներին օգնելու»,- տեղեկացրել է Վրաստանի նախկին նախագահի նախկին ազգային հարցերով խորհրդական Վան Բայբուրդը գրում է Tert.am-ը: Նրա տեղեկացմամբ` Վրաստանում սուգ է հայտարարված, բայց ոչ աշխատանքային օր՝ միայն Թբիլիսիում, որպեսզի կամավորները փրկարարներին օգնելու հնարավորություն ունենան:

Նա տեղեկացրել է, որ երեկ կեսգիշերին ելույթ է ունեցել Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրենը և հայտնել, որ ջրհեղեղից փախած մոտ 80 գազանի, հավանաբար, ջուրը քշել տարել է, որովհետև դրանցից շատերին քնաբեր ներարկումներ էին արել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ արդեն որոշում է կայացվել փոխել կենդանաբանական այգու տեղակայումը:

Հունիսի 14-ին Թբիլիսի են ուղևորվել Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներից չորսը՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու գործընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Օգնության խմբի ուղևորության ծախսերը հանձն է առել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Այս մասին ասվում է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում:

Իր հերթին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ ցավակցություն հայտնելով և առաջարկելով հայկական կողմի աջակցությունը:

ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին շարունակել գործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ` ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար:

Գարեգին Բ-ն նույնպեսցավակցագիր է հղել Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա Բ-ին և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---