Պետությունը արտոնություններ կտրամադրի Դիլիջանում ներդրումների համար![]() 17 հունիսի 2015 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում քննարկել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը: Նախատեսվում է, որ փաթեթի մաս կազմող ծրագրերը պետության կողմից մաքսային ու հարկային արտոնություններ կստանան: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ ծրագրի նպատակն է Դիլիջանում ունենալ քաղաքաշինական և ճարտարապետական սկզբունքների համադրություն, պատմամշակութային միջավայրի պահպանում, առողջ և գրավիչ միջավայրի ձևավորում, ներդրումային միջավայրի բարելավում ու նոր ծրագրերի խրախուսում՝ արտոնություններ տրամադրելու շնորհիվ: «Կխրախուսվեն ժամանակակից գաղափարներն ու ուղղությունները, ինչպես օրինակ՝ «Մաքուր քաղաք», «Կանաչ քաղաք» ծրագրերի ներդումները: Այդ ամենի շնորհիվ Դիլիջանը կդիտվի կրթամշակութային միջազգային կենտրոն իր հետագա զարգացումներով»,– Տերտերյանի խոսքերը մեջբերում է Tert.am-ը: Փոխնախարարը նշել է նաև, որ այս ամենի համար դիտարկել են Դիլիջան քաղաքն իր վարչական տարածքով և հարակից տարածքները, որի մեջ մտնում են հարևան Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները, նաև Դիլիջան ազգային պարկի տարածքը: Տերտերյանը տաև տեղեկացրել է, որ մինչև 2016-ը Դիլիջանը պետք է ունենա օրենքով սահմանված հատակագիծ, իսկ ապօրինի շինարարությունները կկասեցվեն: Կարգելվեն նաև որոշ ձեռնարկատիրական գործունեություններ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը օրենքից մեջբերել է ՀԷԿ-երի կառուցման դեմ արգելքը և հարցրել, թե ինչն է պատճառը նման որոշման, մանավանդ էլեկտրաէներգիայի սակագնի պարբերական բարձրացման պայմաններում: Տերտերյանը պատասխանել է, որ այդ տիրույթում գործող ՀԷԿ-երի հետագա զարգացումը գտնում են ոչ նպատակահարմար՝ բացառապես էներգետիկ խնդիրներից ելնելով, սակայն գործող ՀԷԿ-երը մինչև լիցենզիայի ավարտը չեն փակի: «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումային ծրագրերի խրախուսման ու իրականացման նպատակով ներդրումային ծրագրերի հաստատման եւ իրականացման կարգը, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քննարկման և հաստատման, քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները, տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները` հիմնված հանրային մասնավոր համագործակցության սկզբունքի վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |