Սևանա լիճ է բաց թողնվել 43.000 գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել 43.000 գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի հսկողության ներքո Սևանա լիճ առաջին անգամ արտահերթ բաց է թողնվել 43.000 գեղարքունի և ամառային իշխանի մինչև 30 գրամ կշռող մանրաձուկ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և Սևանա լճում իշխանի վերականգնման ծրագրի շրջանակներում: Ծրագիրn իրականացվում է ցանցավանդակային պիլոտային աշխատանքներ իրականացնող «Էմի ֆուդ» ՍՊԸ-ի կողմից մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակում:

Բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը և այլ կազմակերպությունների ու հարակից համայնքների ներկայացուցիչներ, տեղեկացնումն է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

«Քանի որ Սևանում իրականացնում ենք շատ կարևոր ծրագիր, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետ նպատակահարմար գտանք ձկան պաշարների ավելացման ծրագիրն ավելի վաղ սկսել` մինչև «Սևանի իշխան» ՓԲԸ-ի կողմից գործարանի կառուցումը: Առաջիկայում եթե մենք կարողանանք բացթողումներն իրականացնել ըստ նախատեսվածի ևս մի քանի տարի, ապա այն թույլ կտա մեզ հետագայում հստակ խոսել Սևանում արդյունագործական ձկան պաշարների մասին և լուծել արդյունագործական ձկան որսի խնդիրը», - ասել է նախարաը:

Գրիգորյանը նաև հայտնել է, որ հիմնադրամը նպատակահարմար է գտել այս տարի ևս 200-300 հազար մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ:

ՀՀ կառավարության հունիսի 10-ի նիստի որոշմամբ Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով 2015 թվականի երկրորդ եռամսյակում անհատույց տրամադրվի 1 մլրդ դրամ:

Նախարարը ևս մեկ անգամ դիմել է ազգաբնակչությանը, որպեսզի բնապահպանության նախարարության կողմից հաստատվող Սևանում որսի արգելքի ժամանակահատվածում` ձկան ձվադրման ժամանակ, զերծ մնա ձկնագողությունից, որպեսզի հետագայում հնարավոր լինի խոսել արդյունագործական որսի մասին:

Ռաֆիկ Գրիգորյանը, խոսելով ծրագրի սոցիալական բաղադրիչի մասին, հայտնել է, որ այն թույլ կտա մարզում ստեղծել մոտ 5 հազար աշխատատեղ:

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը հայտնել է, որ Սևանում իրականացվելու են ոչ միայն ձկան բացթողնման, այլ նաև բնապահպանական այլ ծրագրեր: Մասնավորապես` կատարվելու են գետերի հուների մաքրոման աշխատանքներ, որպեսզի ձուկը կարողանա բնականոն ձևով ձվադրել ու վերարտադրվել, ինչպես նաև Սևանում կառուցվելու են մաքրման կայաններ:

Նախարարի հրամանով ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման վայրերում երեք օր կազմակերպել շուրջօրյա հսկողություն:

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը սահմանում է երկարաժամկետ հատվածում ճյուղի զարգացման համար անհրաժեշտ միասնական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները: Ծրագրի նպատակին հասնելու ուղիներն են. Սևանա լճում մինչև 2023թ. մոտ 50 000 տոննա լճի էնդեմիկ ձկնատեսակների էկոլոգիապես կայուն արտադրության կազմակերպում և ամբողջական արժեշղթայի զարգացում, բնական վերարտադրության պայմանների ստեղծում, Սևանի հիմնադրամի հզորացում, միջոցների հատկացում Սևանի հիմնախնդիրների լուծմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---