Նալբանդյան. ՀՀ-ն ցանկանում է առավելագույնս օգտվել ԵՏՄ անդամակցությունից և սերտորեն փոխգործակցել ԵՄ հետ

Նալբանդյան. ՀՀ-ն ցանկանում է առավելագույնս օգտվել ԵՏՄ անդամակցությունից և  սերտորեն փոխգործակցել ԵՄ հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Ալեն դե Ռոյը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է.

«Քանի որ Ռիգայից հետո սա մեր առաջին հանդիպումն է, ցանկանում եմ նշել, որ մեր կարծիքով Գագաթաժողովը հաջողություն ունեցավ և մեկ քայլ առաջ կատարեց՝ գործնական համագործակցության ուղղությունները նախանշելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումը և արդյունավետ կառավարումը, շարժունակությունը, շուկայական հնարավորությունները և փոխկապակցվածությունը:

Հայաստանը Եվրոպական միության հետ ունի համապարփակ գործընկերություն, և մենք կարևորում ենք քաղաքական երկխոսության ակտիվացումը և առևտրի ու տնտեսական համագործակցության խորացումը:

Ներկայումս մենք Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատում ենք մի շարք բնագավառներում արդյունավետ ոլորտային համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ՝ կրթություն, գիտություն, հետազոտություն և նորարարություն, ինչպես նաև՝ մարդկային շփումների խթանում և առևտրի դյուրացման համար բարենպաստ պայմանների ստեղծում: Մենք ակնկալում ենք համաձայնագրեր ստորագրել ԵՄ այնպիսի նախաձեռնություններին մասնակցելու համար, ինչպիսիք են՝ «Հորիզոն 2020»-ը, ինչպես նաև՝ «Ձեռնարկությունների և Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության» ծրագիրը (COSME)»,-ասել է նախարար:

Նալբանդյանը նշել է, որ տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը:

«Մեր ապագա պայմանագրային հարաբերությունները սահմանելու նպատակով՝ մեր ԵՄ գործընկերների հետ մենք աշխատել ենք մեր նախկին բանակցությունների բովանդակությունը արտացոլող նոր իրավական հիմքի շրջանակը ձևավորելու ուղղությամբ՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում: Մարտի կեսերին ՀՀ և ԵՄ բանակցային թիմերն ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները շուտով կհաստատեն մանդատը, որպեզի մենք կարողանանք սահուն կերպով սկսել բանակցությունները:

ԵՄ – Հայաստան ինստիտուցիոնալ ձևաչափերի կանոնավոր հանդիպումներին զուգահեռ՝ Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության բազմակողմ հարթակներում և տասից ավելի աշխատանքային խմբերում։ Մենք այն դիտարկում ենք լավագույն փորձը կիսելու և լայն համագործակցությանը նպաստելու կարևոր ու օգտակար հարթակ և ողջունում բոլոր նախաձեռնությունները, որոնք ամրապնդում են ընդգրկուն համագործակցությունն ու ուղղված են բազմաթիվ շահագրգիռ կողմերի ներգրավվածության շնորհիվ տարբեր մասնակիցների միջև իրական գործընկերություն կառուցելուն»,-ասել է նախարարը:

«Շարժունակության գործընկերությունը» 2011թ.-ից ընթացքի մեջ է, և դրա հովանու ներքո մի շարք ծրագրեր են իրականացվել։ Հայաստան - ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից` Հայաստանի քաղաքացիների համար ապահովելով մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված և հետընդունման կանոնակարգված գործընթացներ: 2013թ. հունվարից սկսած՝ Հայաստանի կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար։ Այս ապրիլին Բրյուսելում հաջողությամբ անցկացվեցին Հայաստան - ԵՄ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները:

Մենք ակնկալում ենք, որ մուտքի արտոնագրերի ազատականացման համար երկխոսությունը հնարավորինս շուտ կսկսվի, որն, անկասկած, դրական ազդեցություն կունենա շատ հարակից ոլորտներում ազգային բարեփոխումները խթանելու գործում: Հետևաբար, մենք հուսով ենք, որ Հանձնաժողովը և անդամ երկրներն անվերապահորեն կսատարեն Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի վերաբերյալ երխոսության մեկնարկը:

Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ Մենք սատարում ենք այն տեսակետը, որ հնարավոր է առավել հեռատես մոտեցման շնորհիվ լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները: Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության պահից, նույնիսկ դրանից առաջ, մենք կողմնակից ենք եղել պրագմատիկ և ռացիոնալ գործելաոճի, որը թույլ է տալիս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի կողմից տրամադրվող հնարավորություններից՝ խուսափելով առավել լայն հարևանության տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ստեղծումից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից, միևնույն ժամանակ, ավելի սերտ փոխգործակցություն ունենալ Եվրոպական միության հետ:

Մենք բարձր ենք գնահատում Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրին ԵՄ կողմից տարիներ ի վեր ցուցաբերած շարունակական աջակցությունը և օժանդակությունը: Մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում՝ ժողովրդավարությունն ամրապնդելու, հիմնարար ազատությունները և մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորութուն, այլ ուղղված է Եվրամիության քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեքը ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որն արդեն վավերացվել է ԵՄ անդամների մեծամասնության կողմից: Մինչդեռ միաժամանակ Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ անդամ պետություններ են, որին անդամակցում է նաև Ռուսատանը:

Այս համատեքստում ես կցանկանայի անդրադառնալ Քաղաքացիական հասարակություն ֆորումի ներկայացուցչի կողմից Երևանում ցույցերի վերաբերյալ արված նկատառումներին: Ինչպես ես վերջերս նշել եմ, մեր գործընկերների կողմից արված մտահոգության արտահայտությունները Հայաստանի իշխանությունները դիտարկում են որպես մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն։ Իրավասու մարմինների կողմից վարվում է ծառայողական քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ թերությունների շտկման ուղղությամբ։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը մեր հավատարմությունը>,-ասել է Նալբանդյանը:

Ելույթ ունենալով Մինսկում` ԵՄ եվրոպական հարևանության գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտարարեց, որ Եվրամիությունը հարգում է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ընտրությունը, որոնք մտադիր չեն ասոցացման մասին համաձայնագիր կնքել Եվրամիության հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---