ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի մասին բացառիկ տեսանյութեր են հայտնաբերվել

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի մասին բացառիկ տեսանյութեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի մասին բացառիկ տեսանյութեր, որոնք պատկերում են, թե ինչպես են հայ փախստականներն ու որբ երեխաները նավակներով հեռանում Թուրքիայից:

Տեսանյութերը բացառիկ են, քանի որ նախկինում համարվում էր, որ Ցեղասպանության տարիներին փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում: Այսպիսով, Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված տեսանյութերը հայերին Ցեղասպանության տարիներին պատկերող առաջին հայտնի տեսագրություններն են, գրում է Armenia Today-ը:

Տեսանյութերը հաստատվել և վերականգնվել են մասնագետների կողմից և ցուցադրվելու են Իտալիայում անցնող Il Cinema Ritrovato («Վերականգնված կինո») Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի ժամանակ՝ «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» ընդհանուր վերնագրով: Փառատոնի պատասխանատու Մերիան Լվինսքին, որի օգնությամբ բացահայտվել են այդ բացառիկ տեսանյութերը, պատմում է, որ դրանք նկարահանվել են 1923 թվականին Թուրքիայի տարածքում:

«Ես նկատեցի, որ տեսագրությունների վրա Ստամբուլի հայտնի վայրերն են պատկերված: Դա Ստամբուլն է, և այնտեղ պատկերված է մանկատունը, որում պատերազմից հետո բրիտանացիները հայ որբ երեխաներին էին խնամում մինչև Ստամբուլից նրանց տեղափոխելը», - ասում է Լվինսքին:

Նրա խոսքով՝ տեսանյութերի բացահայտումն ուղղակի հրաշք էր: Մինչ Կոնգրեսի գրադարանում հայտնվելը դրանք պահվել են Օրեգոնի պատմական հասարակության պահոցում: Հեղինակը դեռևս անհայտ է մնում: «Այս տեսանյութերի ցուցադրությունը մեզ համար հարգանքի տուրքի մատուցում է, մենք դրանք դիտարկում ենք որպես պատմական իրողություն: Ներկայումս բանակցություններ ենք վարում Ստամբուլի կինոփառատոնի կազմակերպիչների հետ: Նրանք արտառոց մարդիկ են, և հնարավոր է՝ այդ տեսանյութերը ցուցադրենք նաև Ստամբուլում», - ասել է Մերիան Լվինսքին:

Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են ցեղասպանության մասին վկայող մի փաստաթուղթ` հայտնի գրող Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը, որով հեղինակը ներկայացրել է 1915-ին և դրանից հետո հայ կանանց և աղջիկներին պատուհասած դժբախտությունները:

Նրանց կարծիքով այդ փաստաթուղթը մինչև օրս հրատարակված չի եղել: Ըստ «Ագոս» թերթի՝ այդ զեկույցը ներկայացվել է Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային: Վերջինս էլ այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին:

 Ուշագրավ
ՀՀ-ն խորհրդում կաշխատի 2020-2022 թվականներին։
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱԳՆ-ում նշում են՝ ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ
Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել