Ստեփանակերտը պատասխանել է Ուորլիքին. Տարածքների վերադարձ չի կարող լինել

Ստեփանակերտը պատասխանել է Ուորլիքին. Տարածքների վերադարձ չի կարող լինել

PanARMENIAN.Net - Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարևորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները և ոչ թե հետևանքները: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, հայտնում է Panorama.am-ը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին և խաղաղապահներ տեղակայվեն: Ուորլիքը, փաստորեն, մասնակիորեն հրապարակել է հակամարտության կարգավորման կետերից մի քանիսը, որոնց նա անդրադարձել էր դեռ 2014-ին «Քարնեգի» հիմնադրամում ելույթի ժամանակ: Վերոնշյալից բացի,ենթադրվում է նաև ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, հետագա կարգավիճակի որոշում ժողովրդի կամարտահայտման միջոցով, միջանցքի պահպանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, փախստականների վերադարձ: ՀՀ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ուորլիքի հայտարարությունը, հայտարարել է, որ ընդհանուր առմամբ այն արտացոլում է համանախագահների առաջարկները կարգավորման վերաբերյալ:

«Եթե փորձ է արվում հետևանքներին անդրադառնալ, առանց հաշվի առնելու պատճառները, սա լավ բանի չի բերելու: Այն, որ այսօր ունենք այլ սահմաններ, այլ ռազմաքաղաքական իրավիճակ, պատերազմական պատճառների հետևանք է, եթե այդ պատճառները չեն լուծվում, ո՞նց կարող ենք անդրադառնալ հետևանքներին»,- հավելել է նա:

Բաբայանի խոսքով, քանի դեռ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ:

«Մենք բազմիցս ասել ենք, որ դեմ չենք ցանկացած հարցի քննարկմանը, պատրաստ ենք խոսել փախստականների խնդրի մասին, բայց դա պետք է լինի հավասար սկզբունքներով: Չի կարող ադրբեջանական փախստականը վերադառնալ, եթե հայ փախստականը չի վերադառնում Բաքու, Սումգայիթ և այլ քաղաքներ, այնտեղ, որտեղ ինքն ապրել է»,- նշել է Արցախի նախագահի ներկայացուցիչը:

Նա պնդել է, որ սահմանների վերադարձի հարց չի կարող լինել հենց միայն այն պատճառով, որ դա Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող երաշխավորել:

«Մենք ասել ենք բազմիցս` տարածքների վերադարձ չի կարող լինել, քանի որ Արցախը նախկին սահմաններով ի վիճակի չէ գոյատևել, որովհետև չի կարող պաշտպանվել` լինելով անկլավային տարածք: Եվ բացի այդ, գայթակղիչ է դառնում հակառակորդի համար ռազմական ճանապարհով հարցը կարգավորելու և նոր ցեղասպանություն իրականացնելու համար: Սա փաստ է, պատմություն, տեսականի մասին չենք խոսում. 1988 թվականից սկսած շրջափակել են, կոտորածներ կազմակերպել նախկին ադրբեջանական ԽՍՀՄ ամբողջ տարածքում, սումգայիթյան կոտորած են կազմակերպել, հայաթափել հյուսիսային Արցախը, հիմա ի՞նչ, այս ամենը մոռանանք ու վերադառնանք 1988-ի սահմաններին, որ վերջնականապես կոտորե՞ն մեզ: Ո՞նց եք պատկերացնում, ո՞նց կարող է հակառակորդը նորից վերահսկողություն հաստատել Քարվաճառի վրա, որտեղ սկիզբ են առնում մեր գետերը, որտեղ սկիզբ են առնում Արփա, Որոտան գետերը և սնում Սևանա լիճը, որը Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է ապահովում: Հակառակորդը թունավորելու է դա, ամբողջ Հայաստանը թունավորելու է, հաջորդ ցեղասպանությունն իրագործելու: Մենք նախադեպն ունեցել ենք, տեսել ենք` 1990 թվականին նրանք դա արել են թունավորելով Ստեփանակերտի ջրամատակարարումը, բոլոր ընտանի կենդանիները ոչնչացվել էին, մեծ թվով մարդիկ տեղափոխվել հիվանդանոց»,- ներկայացրել է Դավիթ Բաբայանը:

Դիտարկմանը, թե նույն Ուորլիքը հարակից տարածքները վերադարձնելուց հետո խոսել էր ԼՂՀ անվտանգությունն ապահովելու համար խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության մասին, Բաբայանն արձագանքել է.

«Ուրեմն, եթե ԽՍՀՄ հսկա պետությունն իր զորքով չի կարողացել հարցը լուծել, ի՞նչ պետք է անեն խաղաղապահները: Այսքան տարի սահմանը պահում ենք առանց խաղաղապահների և շատ նորմալ որևէ խնդիր չկա, շատ ավելի կայուն է, քան շատ հակամարտ գոտիներում»:

Անդրադառնալով հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներին, Արցախի նախագահի խոսնակը նշել է, որ դա տարօրինակ երևույթ չէ ու շարունակել. «Ադրբեջանը միշտ էլ իրեն այդպես է պահել, ուղղակի մի տասը օր օլիմպիական խաղերի հետ կապված, կարծես թե ինքն իրեն զսպեց սեփական շահերից ելնելով: Բայց դա չի նշանակում, որ փոխվել է: Ադրբեջանը եղել և մնում է ահաբեկչական և ֆաշիստական պետություն, ու ուրիշ պահվածք ակնկալել չենք կարող»:

Վերջին օրերին հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ:ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---