Թուրքական Asimder-ը սպառնում է խաթարել Վանի Սբ Խաչում հայերի պատարագը

Թուրքական Asimder-ը սպառնում է խաթարել Վանի Սբ Խաչում հայերի պատարագը

PanARMENIAN.Net - Թուրքական այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունy` Asimder-ը, կխոչընդոտի Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում հայերիամենամյա պատարագը: Այս մասին հայտարարել է հակահայկական կազմակերպության ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը:

Վերջինս որպես պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառ է նշել այն, որ իբրև Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում, թուրքական Milliyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber-ը:

Թուրքիայում՝ Իգդիրում, մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են արտաքին գործերի նախարարություն` թույլտվություն ստանալու համար, հայտնելով, որ ցանկանում են Երևանի մզկիթում ուրբաթօրյա նամազ անել։ Նրանք նաև պահանջել են, որ նախաձեռնությունն իրականացնելու նպատակով Հայաստանից անվտանգության երաշխիք ստանան: Նախաձեռնության կազմակերպիչն այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (Asimder) կազմակերպությունն է, որը հայտնի է իր հակահայ գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորողն Ադրբեջանն է:

Ավելի ուշ մզկիթի հոգևոր սպասավոր շեյխ Շաջաանը նշել էր, որ Երևանում գործող Կապույտ մզկիթում որևէ մեկին նամազ անելու արտոնություն տալու խնդիր չկա, մզկիթի դուռը բաց է բոլորի համար՝ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, թուրք, եթե վերջիններս ենթարկվում են մզկիթում 20 տարի ի վեր գործող հատուկ ծրագրերին, կրոնական ծիսակատարություններին և իրանական օրենքներին: Նա նաև նշել էր, որ Թուրքիայից պաշտոնական որևէ գրությույն չեն ստացել, նամազ անելու մասին էլ տեղեկացել են սոցիալական ցանցերից:

Էրմիշը հայտարարել է, որ այդ հարցում գործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ:

Բացի այդ, ազգայնական ու հակահայ գործիչը պնդել է, որ Սբ Խաչ եկեղեցին «կառուցել են քրիստոնյա պեչենեկ թյուրքերը»:

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010-ից բացվել է թանգարանի կարգավիճակով:Երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է եկեղեցում անցկացնել կրոնական արարողություն:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---