Արցախի սև խավիարի արտադրամասում առաջին ձկնկիթն արդեն տեղադրել են. 3 տարուց ձուկը վաճառքի կհանվի

Արցախի սև խավիարի արտադրամասում առաջին ձկնկիթն արդեն տեղադրել են. 3 տարուց ձուկը վաճառքի կհանվի

PanARMENIAN.Net - Շաբաթներ առաջ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գործող սև խավիարի արտադրամասում տեղադրվել է առաջին ձկնկիթը: Մոտ 3 տարուց վաճառքի կհանվեն ձկան, 5 տարուց` սև խավիարի առաջին խմբաքանակները: Այդ մասին հուլիսի 21-ին արտադրամաս այցելած ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին, շվեյցարահայ գործարար Վարտան Սերմակիսին, որի ներդրումով այն հիմնվել է, պատմել են Golden-fish-k ընկերության պատասխանատուները՝ ներկայացնելով կատարված աշխատանքը և հետագա ծրագրերը:

Ըստ նախագծի՝ 7 տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ երեսուն տոննա սև խավիար, ինչի արդյունքում Արցախը պետք է դառնա այդ սննդամթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը:

«Կառավարության ուշադրությունը սևեռված է առաջնահերթորեն սահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա: Դրա ապացույցներից մեկն այս հավակնոտ ծրագիրն է, որը ոչ միայն ապահովելու է բազմաթիվ աշխատատեղեր հատկապես շրջակա գյուղերի բնակիչների համար, այլ նաև դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը: Մենք միշտ պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել նմանատիպ ձեռնարկումներին, առավել ևս, որ այն օտարերկրյա ներդրման արդյունք է», - ասել է վարչապետը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Թրղի գետի վրա կառուցված և վերջին օրերին գործարկված «Թրղի-3»՝ 5 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ-ի պայմաններին ծանոթանալով՝ վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ:

«Այս նոր փոքր ՀԷԿ-ը կհամարվի մեր հերթական ձեռքբերումն Արցախի էներգետիկ ինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին: Ողջունելի է, որ մասնավոր հատվածը մեծապես ընդգրկված է այդ ռազմավարական գործում»,- ասել է Հարությունյանը:

Կառավարության ղեկավարը շրջել է նաև սահմանամերձ Թալիշի դաշտերում, որտեղ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամն արդի տեխնոլոգիաներով մշակում է գարնանացան մի շարք կուլտուրաներ:

Վարչապետը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ տեղում քննարկել է հիմնադրամի ծրագրի ընթացքին վերաբերող որոշ հարցեր՝ տալով համապատասխան հանձնարարականներ դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Վերջին տարիներին ձկնաբուծությունը լայն տարածում է ստացել Հայաստանում: Ի թիվս այլ ձկնատեսակների աճեցվում է իշխան և թառափ, որի շնորհիվ հիմնվել է նաև կարմիր և սև խավիարի արտադրություն: Քանի որ Սևանի իշխանի հետագա ճակատագիրը վտանգված է, 2014 թ. ընդունվեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի, որի համաձայն ակնկալվում է առաջին 10 տարիների ընթացքում հասնել տարեկան մոտ 50 հազ. տոննա ձկան արտադրության, վերամշակման և արտահանման, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ, յուրաքանչյուր տարի ցանցավանդակային տնտեսությունների կողմից ձևավորված հասույթի 1.5%-ի տրամադրում հիմնադրամին՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար:Ֆինանսավորումն իրականացվելու է կառավարության և մասնավորի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---