Բաբայան. Արցախը Ստերլիգովին չի փոխանցի Ադրբեջանին

Բաբայան. Արցախը Ստերլիգովին չի փոխանցի Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Արցախի իշխանությունները ԼՂՀ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին չեն փոխանցի Ադրբեջանին: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ստերլիգովը Արցախի քաղաքացի չէ, նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բայց նա մի մարդ է, որը գտնվում է ԼՂՀ-ում: Մենք մի մարդու, որը որևէ վատ բան չի արել Ադրբեջանին, երբեք չենք փոխանցի այդ երկրին: Վստահեցնում ենք նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան ոչինչ անել չի կարող, Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն կարող գալ Արցախ և նրան ձերբակալել, սա ակնհայտ է բոլորի համար», - ասել է Բաբայանը, մեջբերում է «ԳԱԼԱ»-ն:

Հուլիսի 30-ին Ստերլիգովը ռուսական Vk.com սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ իր հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելով՝ Ադրբեջանը դե յուրե ճանաչել է Արցախի անկախությունը: Ըստ գործարարի՝ Ադրբեջանի օրենսդրությամբ հանցագործություն կատարած անձի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվել կարող է միայն այն դեպքում, եթե տվյալ անձն իրենց երկրից դուրս է: Այսպիսով, Ադրբեջանը հրապարակային միջազգային մակարդակով ճանաչել է, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի տարածք չէ:

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Ստերլիգովի միջազգային հետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով` Լեռնային Ղարաբաղում գործունեության համար: Ինչպես ասվում է այդ երկրի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ, «Գերման Ստերլիգովի ընկերությունների խմբի» տնօրենների խորհրդի ղեկավար Ստերլիգովն ու մյուս անձիքն «ապօրինի հատել են Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը և ժամանել գրավյալ տարածքներ` պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր հնչեցնելով:

Ադրբեջանի կողմից Արցախի անկապությունը դե յուրե ճանաչման մասին գործարարի դիտարկումին անդրադառնալով՝ Բաբայանը նծել է, որ Ստերլիգովը «հրաշալի տրամաբանությամբ» բացատրում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն իսկ Արցախը ճանաչված է որպես առանձին պետություն, և նրանք դա բազմիցս ապացուցել են իրենց գործողություններով:

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է Սլոբոդայում իր տան դռներն ու բնակություն հաստատելու համար մեկնել Լեռնային Ղարաբաղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---