Էլէներգիայի սակագնի բարձրացումը կսուբսիդավորվի «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքից

Էլէներգիայի սակագնի բարձրացումը կսուբսիդավորվի «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքից

PanARMENIAN.Net - Այսօրվանից՝ օգոստոսի 1-ից,էլեկտրաէներգիայի սակագինը պաշտոնապես բարձրանում է: Դրասուբսիդավորումը կկատարվի «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքից ստացված միջոցներից, լրագրողներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գրում է Panorama.am-ը:

Հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր,որ ՀԷՑ-ում աուդիտի կիրականացվի ու մինչև դրա եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Ավելի ուշ վարչապետը տեղեկացրել էր՝ Կառավարությունը սուբսիդավորելու է այդ հավելյալ ծախսը, բայց ոչ բյուջեի հաշվին:

Գոծադիրը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները 2014-ի հունվարի 29-ին գույքի $180 մլն արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, 6 տարվա ընթացքում Որոտանի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ $70 մլն: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին Սյունիքի մարզի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հիդրոէլեկտրակայաններում՝«Որոտան» ՀԷԿ-երի կասկադում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու որոշման նախագծին՝ 25 տարի գործողության ժամկետով:

#ElectricYerevan

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառումը զայրացրեց հասարակությանն ու հաջորդ երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին նույն պահանջով՝ չեղարկել սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բազմաթիվ ցուցարարներ գիշերներ էին լուսացնում Բաղրամյան պողոտայում: Արդեն հունիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, ու մինչև դրա եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Նա ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարեցին, թե շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր: Արդեն հաջորդ օրը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարների հետ քննարկման արդյունքում որոշեցին՝ պետք է նստացույցը շարունակել Ազատության հրապարակում ու քննարկել հաջորդ քայլը, բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին: Այդպիսով, հավաքվածների մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, մեծամասնությունը՝ մնաց Բաղրամյանում, նշելով, որ պահանջը չի փոխվել ու այնքան են մնալու, մինչև որոշումը չչեղարկվի, ոչ թե կասեցվի:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արդեն հուլիսի 3-ին ՀՀ ՀՔԾ-ն քրգործ հարուցվեց հունիսի 23-ի ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվեց ՀՀ ՔՕ 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---