Շարլ Ազնավուրը 6 համերգ կտա Փարիզում

Շարլ Ազնավուրը 6 համերգ կտա Փարիզում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը սեպտեմբերին 6 համերգ կտա Փարիզի Palais des Sports-ում: Համերգները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին, 17-ին, 19-ին, 23-ին, 25-ին և 27-ին՝ ժամը 20:30-ին։

Ազնավուրը վաղուց է լեգենդ դարձել, դա են վկայում նաև միլիոնավոր մարդկանց կողմից գնված նրա ձայնասկավառակները և շրջագայությունների ժամանակ լեփ-լեցուն դահլիճները: Բայց շանսոնյեն դեռ չի ասել իր վերջին խոսքը, Nostalgie.fr կայքին հղումով գրում է Tert.am-ը:

Շանսոնյեն կկատարի իր ամենահայտնի երգերը, նաև կկենտրոնանա իր վերջին՝ «Encore» ալբոմի վրա։

«2015-ի մայիսին թողարկված այս ալբոմն իսկական տուրք է նրա համառությանը և երկրպագուների աջակցությանը»,- գրում է կայքը։

Ազնավուրի վերջին համերգը օգոստոսի սկզբին էր՝ Լիբանանում անցկացվող Բաթրունի միջազգային փառատոնի բացմանը: 90-ամյա երգիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է երգել մինչև 100-ամյակը՝ նշելով, որ ապրում է ակտիվ և առողջ կյանքով:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---