Նազարբաևն առաջարկել է ՄԱԿ-ին անդրազգային համաշխարհային արժույթ ստեղծել

Նազարբաևն առաջարկել է ՄԱԿ-ին անդրազգային համաշխարհային արժույթ ստեղծել

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ առաջարկել է անդրազգային համաշխարհային արժույթ ստեղծել:

Ըստ նրա, գլոբալ ճգնաժամի դեմ պայքարն անհրաժեշտ է սկսել համաշխարհային պահուստային արժույթների թողարկման և շրջանառության կարգավորումից, որոնք «այժմ չեն համապատասխանում օրինականության, ժողովրդավարության, մրացկցության, արդյունավետության և միջազգային հսկողության պահանջներին»,-գրում է MoneyTimes-ը:

Նազարբաևը նշել է, որ «ХХI դարում աշխարհին հարկավոր են նոր որակի ֆինանսական գործիքներ: Անհրաժեշտ է միավորել ՄԱԿ անդամ երկրների ջանքերը անդրազգային համաշխարհային արժույթի ստեղծման ուղղությամբ, որը կհամապատասխանի գլոբալ կայուն զարգացման ու բարգավաճման պահանջներին»:

Նախկինում Ղազախստանը ժխտում էր միասնական արժույթի ներմուծման հնարավորությունը ԵՏՄ երկրներում: Ընթացիկ տարվա ապրիլին Ղազախստանի ազգային տնտեսության փոխնախարար Տիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ Ղազախստանը բացառում է միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ-ում:

«Ղազախստանը հստակ ու հետևողական դիրքորոշում ունի ԵՏՄ շրջանակում միասնական և անդրազգային արժույթի ներմուծման վերաբերյալ: Այդ հարցերը մենք չենք քննարկում: Սա օրակարգային հարց չէ»,-ասել է Ժակսիլիկովը Աստանայում կայացած ճեպազրույցում:

«Այդ ուղղությամբ աշխատանք չի տարվելու: ԵՏՄ շրջանակում մինչև 2025 թ. մենք մտադիր ենք միայն ներդաշնակեցնել օրենսդրությունները ֆինանսական շուկաների կարգավորման ոլորտում»,-ասել է փոխնախագահը: «Այստեղ ոչինչ չի ասվում մոնետար կամ արժութային միության ստեղծման կամ դրա հեռանկարների մասին»,-հավելել է Ժակսիլիկովը:

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի տնտեսության և ֆինանսական քաղաքականության գծով անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովը հայտարարեց, որ արժութային միության ստեղծում դեռ չի նշանակում միասնական արժույթի ներմուծում ԵՏՄ երկրներում:

Ըստ նրա, թեև Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանն այժմ աշխատում են խորացնել ֆինանսական համակարգերի փոխգործակցությունը, տնտեսական ինտեգրման առկա մակարդակը ցույց է տալիս, որ «օբյեկտիվ տնտեսական նախադրյալներ միասնական ազգային արժույթի ներմուծման համար ԵՏՄ անդամ պետություններում այսօրվա դրությամբ չկան», հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները:

Դեռևս նախորդ տարի Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ենթադրում են Եվրասիական Կենտրոնական բանկի ստեղծում մինչև 2025 թվականը և միասնական արժույթի ներմուծում Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի համար: «Սակայն արտաքին քաղաքական իրավիճակը, հավանաբար, ազդեց տնտեսական որոշումների վրա և Ռուսաստանի նախագահը որոշեց արագացնել գործընթացը»,-կարծում է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը: Միասնական եվրասիական արժույթի աշխատանքային անվանումն ալտին է: Այս տարբերակի մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, կա նաև մեկ այլ անվանում, որ քննարկվում է՝ եվրազ:

Մարտի 20-ին Աստանայում տեղի ունեցած Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման շուրջ բանակցություններին: «Կարծում եմ, ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միության ձևավորման մասին»,-ասել է Պուտինը՝ անդրադառնալով մոնետար քաղաքականության համակարգմանը: Ըստ նրա, «ուս ուսի աշխատելով» ավելի հեշտ է պաշտպանել ընդհանուր ֆինանսական շուկան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---