Իտալացի լրագրողը՝ Բաքվի «սև ցուցակում» հայտնվելու մասին. Մեղավոր ենք բռնապետ Ալիևի ոտքերը չհամբուրելու համար

Իտալացի լրագրողը՝ Բաքվի «սև ցուցակում» հայտնվելու մասին. Մեղավոր ենք բռնապետ Ալիևի ոտքերը չհամբուրելու համար

PanARMENIAN.Net - Իտալուհի լրագրող Աննա Մացոնեն պատմել է, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»։

«Երբեք չէի հայտնվել «սև ցուցակում», բայց երբեք չի կարելի ասել՝ երբե՛ք: Դա տեղի է ունեցել, և դա ինձ ուրախացնում է, որովհետև լինել մարդկանց ցուցակում, ովքեր չեն արժանանում բռնապետի՝ Իլհամ Ալիևի հավանությանը՝ միշտ պատիվ է։ Իրականում շատ քիչ բան եմ արել այդ պատվին արժանանալու համար, պարզապես իմ աշխատանքն եմ արել»,- գրել է Մացոնեն Formiche.net կայքում:

Ըստ հեղինակի՝ Ադրբեջանի իշխանություններն ավելացրել են բռնաճնշումներն ընդդիմադիրների նկատմամբ՝ դրամատիկ վատթարացում գրանցելով արդեն իսկ վատ իրավիճակում։ Վերջին տարիներին տասնյակ ակտիվիստներ և իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ, լրագրողներ և բլոգերներ են ձերբակալվել քաղաքական շարժառիթներով, իսկ շատերը պարզապես ստիպված են եղել հեռանալ երկրից։

Սա կարելի է կարդալ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում «Ադրբեջան» որոնելիս, գրում է հեղինակը, մեջբերում է Tert.am-ը:

Մացոնեն պատմում է, որ լրագրող լինելով՝ տարիներ շարունակ գրել է Հայաստանի և Ադրբեջանի դեպքերի մասին: Այն մասին, որ նա ներառված է իտալացի քաղաքացիների ցանկում, որոնց արգելված է Ադրբեջան մուտքը, նրան ասել է Սիմոնե Զոպելարոն, ով նույնպես այդ ցանկում է ներառված Լեռնային Ղարաբաղի մասին հաղորդման պատճառով։

«Պետք է ասել, որ հիանալի ընկերակցությունում եմ: Ցանկը բացվում է հայտնի հայ գրող Անտոնիա Արսլանով, ով երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ճանապարհորդել է թերակղզու ամբողջ երկայնքով՝ պատմելու համար, թե ինչ է տեղի ունեցել Թուրքիայում 1915-ից մինչև 1918-ը: Այնուհետև ցանկում են նաև Միլենա Գաբանելին և լրագրողների ու հեռուստատեսային օպերատորների մի խումբ, ովքեր հավանաբար մեղավոր են բռնապետ Իլհամ Ալիևի ոտքերը չհամբուրելու համար», - գրել է լրագրողը:

Ինչպես գրում է հեղինակը՝ ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելու համար շատ բան պետք չէ անել։ «Հարկավոր է պարզապես ասել ճշմարտությունը, որը բոլորի աչքի առաջ է: Այդպես է արել Միլենա Գաբանելին 1990-ականների սկզբին, երբ պատմում էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին, և այդպես եմ արել նաև ես մի քանի տարի առաջ՝ վերադառնալով «առկախված երկիր»՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև գտնվող այդ հողակտորը, որտեղ այսօր պատերազմը ոչ միայն հեռավոր հիշողություն է, այլև մի հակամարտություն, որը ցանկացած պահի կարող է կրկին բռնկվել: Այդպես են արել նաև վերջերս France 2 հեռուստատեսային ալիքի լրագրողները: Ադրբեջանի մասին հաղորդման մեջ նրանք Ալիևին անվանել են բռնապետ և Ադրբեջանը՝ աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը», - գրել է Մացոնեն :

Լրագրողը նաև նշել է, որ կսպասի, թե երբ Ադրբեջանում ժողովրդավարություն կհաստատվի։

Ադրբեջանական իշանությունները պաշտոնապես արգելում են այն անձանց մուտքը երկրի, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ: 2013 թվականին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակեց Արցախ այցելած 335 անձանց հայտնի «սև ցուցակը»: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է «այդ երկրների «սև ցուցակների» փոխադարձ ուժի մասին համաձայնություն կնքեն, կամ էլ պայմանագիր ընդհանուր «սև ցուցակ» ստեղծելու մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Թուրքիայի հետ: Նշենք, որ իրենց անուններն այդ ցուցակում գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը՝ միայն մեկ անգամ Արցախ այցելողները որոշեցին կրկնել այցը: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել:

Վերջերս Ադրբեջանի ԱԳՆ կողմից Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում է ներառվել ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկան ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Նրա խոսքով՝ երջանիկ է, որ Մոնսերատ Կաբալյեի հետ միասին հայտնվել է այդ ցուցակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---