Արտոնությունների կրճատում և հասցեական սուբսիդիաներ. Հարկային օրենսգրքի նոր նախագիծը հաստատվել է![]() 8 հոկտեմբերի 2015 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կարգավորում է ՀՀ-ում կիրառվող հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման, վճարման, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով նախագծերի փաթեթին, նշել է. «Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է իր տեսլականը՝ համադրելով և համակարգելով հարկերի հաշվարկման, հաշվառման, վճարման պրակտիկան տարբեր հարկերի մասով, միասնականացրել բազմաթիվ սկզբունքներ: Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգիրքը տնտեսագիտական այն համոզմունքի վրա, որ պետք է հնարավորինս կրճատել արտոնությունները և դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից», -ասել է վարչապետը՝ նշելով, որ այս մոտեցումը ողջունելի է, եթե, իհարկե, հնարավոր է արդյունավետորեն իրականացնել նման հասցեագրված սուբսիդավորումը: «Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ, որ արտոնություններից հրաժարումը ոչ թե վատացնում, այլ իրականում լավացնում է դրա կարիքն ունեցող մեր քաղաքացիների վիճակը: Այսօրվանից այս օրենսգրքի նախագիծը պետք է լայնորեն քննարկվի, մինչև ընդունումը յուրաքանչյուր տնտեսվարող պետք է տեղեկացված լինի սրա մասին, հայտնի իր մտահոգությունը և ստանա պատասխաններ», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով էկոնոմիկայի, գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, կրթության և գիտության, առողջապահության նախարարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակացույց: Աբրահամյանը հորդորել է բոլոր պետական մարմիններին ևս ակտիվորեն քննարկել այս նախագիծը, քանի որ «Հարկային օրենսգիրքն, իրոք, շատ կարևոր փաստաթուղթ է մեր տնտեսության զարգացման համար»: Օրինագծերի փաթեթը Ազգային ժողով կներկայացվի 2016-ին: Հարկային նոր օրենսգրքի մշակման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ զարգացման գործակալությունը` USAID-ն: ԱՄՆ ՄԶԳ-ն 2014-ի մայիսի 7-ին ներկայացրել էր «Հարկ վճարողների ընկալումներ» հետազոտության արդյունքները: Հետազոտությունն անդրադարձել է Հայաստանում հարկերի մասին պատկերացումների բարելավման խնդրին` միաժամանակ կարևոր դեր հատկացնելով պետական-մասնավոր հատվածների միջև երկխոսության ամրապնդմանը և կամավոր օրինապահության մշակույթի արմատավորմանը, որոնք անհրաժեշտ են երկրի տնտեսական աճի և ազգաբնակչության սոցիալական բարեկեցության համար: Հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնեսի մրցունակության բարելավմանը և հարկային բեռի նվազեցմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |