Առաջիկա օրերին ԵՄ-ն կարող է հաստատել ՀՀ հետ բանակցություններ սկսելու մանդատը

Առաջիկա օրերին ԵՄ-ն կարող է հաստատել ՀՀ հետ բանակցություններ սկսելու մանդատը

PanARMENIAN.Net - Ակնկալվում է, որ այս շաբաթ Եվրամիության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում արդեն մանդատ կտան՝ Եվրամիության ու Հայաստանի միջև նոր համաձայնագրի շուրջ պաշտոնապես բանակցություններ սկսելու համար:

«Մենք սպասում ենք, որ հաջորդ շաբաթ Եվրոպական միությունը կհաստատի մանդատը իր բանակցային թիմի համար՝ բանակցություններ սկսելու Հայաստանի հետ նոր իրավական հենք ստեղծելու մեր հարաբերությունների՝ Հայաստանի և Եվրամիության միջև», - այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նա մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի կազմակերպության համաժողովի փակմանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այս մասին խոսել է նաև Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, որն Երևանում էր՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության արտգործնախարարների համաժողովի շրջանակում։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան նշել է, որ բանակցություններից հետո կնքվելիք նոր փաստաթուղթը Հայաստանին հնարավորություն կտա համագործակցել Եվրամիության հետ մի ձևաչափով, որը չի խոչընդոտի Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։

Հարլեմ Դեզիրը Հայաստանի նախագահի և արտգործնախարի հետ հանդիպումներից բացի զրույցներ է ունեցել գործարարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի։ Վերջինիս խոսքով՝ Դեզիրը շատ հետաքրքրված է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացման գործընթացով՝ ավելի քան 3 տարի բանակցված Ասոցիացման համաձայնագրի ձախողումից հետո։

Դեզիրի այցը Հայաստան ցույց է տալիս, որ Ֆրանսիան կարևորում է Հայաստանի ռազմավարական նշանակությունը, ասաց քաղաքագետ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ ֆրանսիացի պաշտոնյան հետաքրքրված էր նաև Հայաստանում ընթացող ներքին գործընթացներով, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններով։

«Սահմանադրական բարեփոխումների գործընթացին անդրադառնալիս՝ ֆրանսիացի նախարարը նկատեց, որ սա հնարավորություն է Հայաստանի համար հանրաքվեն ծառայեցնելու երկու նպատակի. առաջինը՝ որպես Հայաստանի ժողովրդավարական համակարգի ստուգատես, այլ կերպ ասած՝ հանրաքվեն պետք է համապատասխանի շատ ավելի բարձր ժողովրդավարական նշաձողի, քան նախորդ ընտրություններն էին, և երկրորդ՝ եթե անցում կատարվի խորհրդարանական համակարգի, սա պետք է օգտագործվի որպես հնարավորություն՝ բարելավելու հայաստանյան քաղաքական կուսակցությունները», - մանրամասնեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Սեպտեմբերի սկզբին Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին հայտարարեց, որ Լյուքսեմբուրգի նախագահության կողմից պատրաստվող Եվրամիություն-Հայաստան գործակցության նոր տեսակի փաստաթուղթը Եվրոպական խորհրդարանը դեռևս չի ստացել: Ըստ նրա, ԵՄ հետ ստորագրվող ցանկացած համաձայնագիր ՀՀ իշխանություններին թույլ կտա հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Բրյուսելի միջև:

Սեպտեմբերի 5-ին Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը ԵՄ անդամ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարեց, որ համաձայնագրերի նոր տարբերակը Հայաստանը ԵՄ-ին ավելի պակաս չափով կմիավորեն, այսինքն՝ կունենա ավելի ցածր մակարդակ, քան Ասոցացման համաձայնագիրը:

Չարնեցկին նշեց, որ «ցածր մակարդակը» դիվանագիտական եզրույթ է, իսկ փաստաթղթի նպատակաը մեկն է. «Հայաստանը պետք է ստորագրի այս փաստաթուղթը, որովհետև ԵՄ–ի հետ յուրաքանչյուր համաձայնագիր բարենպաստ է Երևանի համար. այն տրամադրում է իշխանության հավասարակշռություն, բալանս՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---