Իտալիայի 99-րդ` Աբրուցոյի նահանգային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի 99-րդ` Աբրուցոյի նահանգային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Իտալիայի Աբրուցո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավուքների պաշտպանության համար նրա պայքարին:

Աբրուցոյի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 99-րդ խորհուրդն է:

Փաստաթղթի նախագիծը ներկայացրած նահանգային խորհրդի անդամ, իշխող ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Լուչիանո Մոնտիչելլին բանաձևի ընդունումից հետո հայտարարել է.

«Նման կարևոր հարցի վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը նահանգային խորհրդի հասունության մեծ վկայությունն է: Հուսով եմ, որ մեր ամենօրյա հոգսերից այդքան հեռու անցյալում տեղի ունեցած անարդարությունների մասին հիշողությունը մեզ կուղղորդի դատապարտելու նաև մեր օրերում տեղի ունեցող հետապնդումներն ու բռնությունները և գործնական օգնություն ցուցաբերելու դրանց զոհերին»:

2015-ի հոկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ Իտալիայի Մարկեի նահանգային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015-ի հոկտեմբերի 12-ին կայացած նիստում:

2015-ի հոկտեմբերի 22-ին Իտալիայի Ռավենա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2012-ի ապրիլի 17-ին Իտալիայի Սկաֆատի քաղաքի խորհուրդը (ջունտան) միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում՝ «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին և զորակցություն հայտնելով հայ ժողովրդին»:

2012-ին Իտալական Ռիետի քաղաքի (Ռիետի նահանգ, Լացիո շրջան) քաղաքային խորհուրդը, որտեղ մոտ 48 հազար մարդ է բնակվում, ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

2012-ին Իտալիայի հարավում գտնվող Բարի քաղաքի իշխանությունները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 24 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---