Մոսկվայում կրկին անսարք ավտոբուս է կանգնեցվել, որով Երևան էր մեկնելու 50 մարդ

Մոսկվայում կրկին անսարք ավտոբուս է կանգնեցվել, որով Երևան էր մեկնելու 50 մարդ

PanARMENIAN.Net - ՌԴ Պետավտոհսկողության Մոսկվայի վարչությունը և «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատությունը կասեցրել են Մոսկվա-Երևան ապօրինի ավտոբուսի մեկնումը:

Ինչպես ասվում է հաստատության կայքում, «Վագտրանս» ՍՊԸ ապօրինի փոխադրողի ավտոբուսը, որը նոյեմբերի 4-ին տեղափոխվել էր հատուկ կայանատեղի, և որով 50 ուղևոր պետք է մեկներ Երևան, կանգնեցվել է շաբաթվա մեջ երկրորդ անգամ:

Այժմ պարզվում են հանգամանքները` թե ինչպես կարող էր ավտոբուսը առանց խախտումները վերացնելու դուրս գալ տուգանային հրապարակից: Նոյեմբերի 4-ին Մոսկվայի պետավտոտեսչության աշխատակիցները թույլ չէին տվել մեկնել Երևան ուղևորվող ավտոբուսներին, որոնք լուրջ անսարքություններ ունեն: Տուգանքը, որը նշանակվել էր, չի մուծվել: Բացի այդ, վարորդը մեկնումից առաջ չի ստուգել ուղևորների փաստաթղթերը, այդպիսով վտանգելով քաղաքացիների կյանքն ու գույքը: Ուղևորների ուղեբեռը ևս չի ստուգվել:

Գերատեսչությունում նշել են, որ հայկական «Վագտրանս» ՍՊԸ-ն ընդգրկված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային ավտոբուսային չվերթների ցանկում: Դա նշանակում է, որ փոխադրողը իրավունք չունի աշխատելու Ռուսաստանում, սակայն շարունակում է ապօրինաբար ուղևորների փոխադրումը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով: Հաճախորդներին գտնում են համացանցում գովազդի միջոցով: Ուղևորությունները կազմակերպվում են ցանկացողների անհրաժեշտ քանակի համալրվելուն պես:

Այժմ «Վագտրանս» ՍՊԸ-ի ավտոբուսը կրկին տուգանային հրապարակում է: Ընկերությանը մինչև 150 հազար ռուբլի տուգանք է սպառնում:

«Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատությունը իր հաղորդագրության մեջ նշել է, որ բոլոր ավտոբուսային ընկերությունները, որոնք ուղևորություն են առաջարկում դեպի Երևան, ապօրինի են աշխատում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայի պետավտոտեսչության աշխատակիցները թույլ չեն տվել մեկնել Երևան ուղևորվող ավտոբուսներին, որոնք արգելակների և ղեկի հետ կապված լուրջ անսարքություններ ունեն, այդ մասին հայտնել էր ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության պետ Անդրեյ Գալիակբերովը:

«Հատուկ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է հայտնաբերել Երևան մեկնող 2 ուղևորատար ավտոբուս, որոնց տեխնիկական զննության ժամանակ լուրջ անսարքություններ են հայտնաբերվել արգելակների և ղեկի համակարգում, նաև ավտոբուսների գործարանային կառուցվածքի փոփոխություններ»,-ասել է Գալիակբերովը: Պարզվել է, որ վարորդներն իրականացրել են ուղևորափոխադրումներն առանց համապատասխան արտոնագրի և անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով, հավելել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար: ՌԴ Ուզլովսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել Տուլայի մերձակայքում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին կալանավորել երկու ամսով:

Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---