Հոկտեմբերին էլէներգիայի սուբսիդավորում ստացած բնակիչների թիվը կրճատվել է ավելի քան 20%-ով

Հոկտեմբերին էլէներգիայի սուբսիդավորում ստացած բնակիչների թիվը կրճատվել է ավելի քան 20%-ով

PanARMENIAN.Net - Սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների մոտ 78,8%-ը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

ՀՀ Կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին։ Խոսքը՝ ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է։

Մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա սպառողների թիվը հոկտեմբերին կազմել է ավելի քան 601 հազար։ Սեպտեմբեր ամսվա համեմատ սուբսիդավորումից օգտվող բնակիչ-բաժանորդների թիվը 162 հազարով կամ 21,2%-ով կրճատվել է։

Փոխարենը՝ այս խմբի սպառողներին տրամադրվող սուբսիդիայի գումարը հոկտեմբերին նվազել է 40%-ով: Սա նշանակում է, որ մինչև սուբսիդավորման կարգի փոփոխությունը, առավել շատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների 21,2%-ը ստանում էր փոխհատուցվող գումարի 40%-ը և միայն 60%-ն էրբաժին հասնում այս խմբի մյուս բոլոր սպառողներին։

Բնակիչ-բաժանորդների մասով հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534.5 մլն դրամ։ Սեպտեմբերի համեմատ այն կրճատվել է 366.6 միլիոնով։

Մինչև 500 կՎտ հոսանք օգտագործող ՓՄՁ-ների փոխհատուցման ենթակա գումարը 23.8 մլն դրամ է։ Հոկտեմբերի համեմատ այն ավելացել է մոտ 1.2 մլն դրամով։

Էլեկտրաէներգիայի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո փոխհատուցման տրամադրումը հավասար չափով ստանձնել են կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Ընդ որում, այդ պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ սկսած օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը։

2015-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։

«Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ» ընկերության պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասել է «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի ձեռքբերման կապակցությամբ:

Նրա խոսքով՝ պայքարելու են կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ ու ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ, կրճատելու են ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել ՀԷՑ-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---