Օհանյան. ՀՀ-ն նույն ծավալով կշարունակի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը

Օհանյան. ՀՀ-ն նույն ծավալով կշարունակի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում: Այցի հիմնական նպատակն էր մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյոսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Գերմանիայի կողմից ղեկավարվող Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում տիրող անվտանգային իրավիճակի, խնդրահարույց հարցերի և առաջիկա անելիքների վերաբերյալ:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ չնայած սեփական սահմանների երկայնքով ունեցած անվտանգության մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է նույն ծավալներով շարունակելու իր մասնակցությունը «Վճռական աջակցությանը»՝ մինչև առաքելության ավարտը: Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ միջազգային կոալիցիայի գործուն աջակցության շնորհիվ առաջիկայում Աֆղանստանում կարձանագրվեն տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նոր ձեռքբերումներ:

Բեռլինում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելլմիխի և ԳԴՀ կառավարության կազմում Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների հետ միջհասարակական համագործակցության հարցերի համակարգող Գերնոտ Էրլերի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպայում, Հարավային Կովկասում և այլուր տարածաշրջանային անվանգության և դրա առջև ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին, ինչպես նաև պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Սեյրան Օհանյանը զրուցակիցներին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, վերջին շրջանի զարգացումները և կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները:

Բարձր գնահատելով պաշտպանության բնագավառում հայ-գերմանական համագործակցությունը, Սեյրան Օհանյանը նշել է, որ դրա արդյունքում երկու երկրների միջև ստեղծված փոխադարձ վստահության մթնոլորտը խթանում է նաև այլ ոլորտներում երկկողմ կապերի ու համագործակցության զարգացումը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ-ն ակտիվ աշխատում է ՄԱԿ-ի խաղաղապահության տնօրինության հետ իր խաղաղապահ առաքելությունների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ, քանի որ դրանց նոր պահանջներ են առաջ են գալիս:

Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում աշխարհի չորս երկրում՝ Կոսովոյում (35 զինվորական), Աֆղանստանում (56 զինվորական), Լիբանանում (32 զինվորական) և Մալիում (1 զինվորական)՝ ընդհանուր թվով 124 զինվորականների մասնակցությամբ: Ընդ որում, Կոսովոյում ու Աֆղանստանում հայ խաղաղապահ զորամիավորումները գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, իսկ Լիբանանում և Մալիում՝ ՄԱԿ-ի:

Երևանում հոկտեմբերի 4-ին մեկնարկած «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ չնայած ՀՀ սահմաններում հակառակորդի նախահարաձակ գործողութունները զսպելու, պատժելու հարցերին, մենք հաստատակամորեն և հետաևողական զարգացնում ենք Հայաստանի խաղաղապահ կարողությունները:

«Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապությանը շարունակաբար ընդլայնվում է՝ և աշխարհագրության, և որակական և քանական իմաստով: Ներկայումս Հայաստանը հանդիսանում է միջազգային խաղաղապահությանը և անվտանգության ակտիվ ներդրող՝ այդ նպատակով օգտագործելով իր կուտակած փորձը»,- ընդգծել է Օհանյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---