ՌԴ Պետդումայի փոխնախագահը պարզաբանել է թե ինչու է Ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը հիմա ներկայացվել

ՌԴ Պետդումայի փոխնախագահը պարզաբանել է թե ինչու է Ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը հիմա ներկայացվել

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագծի համահեղինակ Նիկոլայ Լևիչևը PanARMENIAN.Net ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է օրինագիծն ընդգրկվել Պետդումայի օրակարգում հենց հիմա` խոցված Սու-24 ինքնաթիռի պատճառով Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա:

«Անշուշտ, թեման օդից չի վերցվել»,-ասել է Լևիչևը` պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն փաստը, որ օրինագիծը ՌԴ Պետդումա է ներկայացվել հենց հիմա և արդյոք օրինագծի ընդունումը նախապես էր ծրագրված:

«Լավ է հայտնի, թե հասարակական ինչ թեժ քննարկում ծավալվեց այս տարի, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Դեռ 2015-ին ընդառաջ ՌԴ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը մեծ միջազգային կոնֆերանս կազմակերպեց` նվիրված ցեղասպանության թեմային: Ընթացիկ տարվա ապրիլին ՌԴ ստորին պալատը հայտարարություն տարածեց` խորը կարեկցանք հայտնելով եղբայրական Հայաստանին և միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը լուծել վեճերը բանակցությունների, ոչ թե պատերազմների միջոցով: Ապրիլին Պետդումայի պատվիրակությունը մասնակցեց սգո միջոցառումներին Երևանում և Մոսկվայում, վերջինին` իմ գլխավորությամբ»,-պարզաբանել է նա:

Ուստի, հավելել է Լևիչևը, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդգրկումը Պետդումայի օրակարգում այս շղթայի շարունակությունն է, առաջին հերթին` ևս մեկ հիշեցում պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Միևնույն ժամանակ, նշել է Պետդումայի փոխխոսնակը, միջազգային իրավիճակը, անկասկած, ևս ազդեց այս օրենսդրական նախաձեռնությունն օրակարգում ընդգրկելու վրա: ԻՊ գործողություններն այսօր ցեղասպանության մի շարք տարրեր են պարունակում` այլ հավատ ունեցողների զանգվածային սպանություններ, քրիստոնեական սրբությունների ավերում, ահաբեկչության քարոզչություն սոցցանցերում, անհամաձայնների հոգեբանական ճնշում:

«Եթե մենք պատշաճ ուշադրություն չդարձնենք պատմական փաստերին, չպաշտպանենք պատմական ճշմարտությունը, մենք դատապարտված ենք արյունալի իրադարձությունների կրկնության»,-ասել է նա: Ինչ վերաբերում է այն մտավախություններին, որ հետագայում, երբ լարվածությունը ՌԴ և Թուրքիայի միջև թուլանա, օրինագիծն այս կամ այն պատճառով կարող է չհաստատվել կամ միտումնավոր «չընդունվել» քվեարկության արդյունքում, Լևիչևն ասել է. «Պետք չէ պատրանքներ ունենալ: Նման օրինագծերը երբեք մեկ ակնթարթում չեն ընդունվում: Բայց ավելի բարենպաստ պայմանների սպասելու դեպքում, գուցե, ստիպված լինեինք սպասել մեկ այլ «կլոր» տարելիցի»:

«Հիշեցնեմ, որ ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուիտնը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի սգո միջոցառումներին: Ի դեպ, Ֆրանսուա Օլանդի հետ միասին, Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով գնահատական տվեց 100-ամյա վաղեմության արյունալի իրադարձություններին: Այս հարցի շուրջ ռուսական հանրության շրջանում բևեռացում չկա, ուստի, ըստ իս, այս օրինագծի ընդունումը լոկ ժամանակի հարց է»,-ասել է նա: Սակայն, հավելել է Լևիչևը, արդեն պարզ է, որ օրինագծի քննարկումը բանավեճ կառաջացնի ոչ միայն Պետդումայի ներսում: Այլ խմբակցությունների ներկայացուցիչներ արդեն այժմ կարծիք են հայտնում, որ քրեականացումն ավելորդ է:

«Սակայն ռուս-թուրքական հարաբերությունների «ջերմացումը» կամ «սառեցումն» արդյունքի վրա կազդի վերջին հերթին: Սթափ դատողությունը վաղ թե ուշ կհաղթի, 1915-1922 թ. ողբերգության մասին հիշողությունը պաշտպանված կլինի օրենքով, ինչպես դա եղավ Նյուրնբերգյան տրիբունալի դատավճիռների օրենսդրական պաշտպանության դեպքում»,-ամփոփեց նա:

Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Պետական դումայում Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել: Այս մասին հայտնել է պատգամավոր, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը Twitter-ի իր միկրոբլոգում: Օրինագծի համահեղինակներն են Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչևը:

ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին: Ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագծի ներկայացումը տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին:

Ըստ օրինագծի, Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ կատարված ոճիրն արդարացնելու համար առաջարկվում է տուգանք մինչև 300 հազար ռուբլի կամ աշխատավարձի չափով մինչև 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: Եթե դա արվել է ԶԼՄ-ների միջոցով, ապա տուգանքի վերին շեմն առաջարկվում է սահմանել 500 հազար ռուբլու չափով: Ազատազրկումն այդ դեպքում կսահմանվի մինչև 5 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---