«Բատակլանում» զոհված հայուհու հոր նամակը. Ֆրանսիան անկարող է ապահովել իր երիտասարդության ապագան

«Բատակլանում» զոհված հայուհու հոր նամակը. Ֆրանսիան անկարող է ապահովել իր երիտասարդության ապագան

PanARMENIAN.Net - Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչության հետևանքով զոհված Լոլա Ուզունյանի հայրը բոյկոտել է նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հիշատակի միջոցառումը: Ավելին, գրող, լրագրող, լուսանկարիչ Էրիկ Ուզունյանը ֆրանսիական կառավարությանն ուղղված քննադատական բաց նամակով հանդես է եկել մամուլում:

Huffington Post-ում հրապարակված նամակում, մասնավորապես, ասված է.

«Դուստրս մահացել է Բատակլանում. նա 17 տարեկան էր: Ես չեմ գնալու ահաբեկչությունների զոհերի հիշատակին Հաշմանդամների տանն (Hôtel des Invalides) անցկացվող միջոցառմանը, քանի որ համարում եմ, որ կառավարությունն իր բոլոր ղեկավարներով մեծագույն պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար:

Ֆրանսիան երկար տարիներ կործանարար քաղաքականություն է վարել Մերձավոր Արևելքում: Նիկոլա Սարկոզին, ֆրանսիական զորքեր ուղարկելով Լիբիա, զգալիորեն նպաստել է Քադաֆիի վարչակարգի անկմանը՝ խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, որոնք արգելում էին ցամաքային գործողություններ իրականացնել: Լիբիան, սակայն, Ֆրանսիայի թշնամին չէր. ժամանակին Սարկոզին մեծ պատիվներով ընդունել էր Քադաֆիին՝ որպես պետության ղեկավարի: Այնուհետև Լիբիան վերածվեց մղձավանջային քաոսի, որտեղ ազատորեն զենք է շրջանառվում, ու զինյալներ են շրջում:

Ֆրանսուա Օլանդն ու Լորան Ֆաբիուսն այնուհետև «չարացան» Բաշար Ասադի դեմ՝ բուռն կերպով արևմտյան տերություններին դրդելով ռազմական ճանապարհով տապալել վերջինիս վարչակարգը, մինչդեռ նա նույնպես Ֆրանսիայի թշնամին չէր: Նախատեսված հարվածները չեղյալ համարվեցին վերջին պահին, երբ Օբաման հրաժարվեց իր երկիրը ներքաշել նման արկածախնդրության մեջ: Ինքնիշխան պետությունների ներքին գործերին Ֆրանսիայի միջամտությունը հիմնավորվում էր նրանով, որ այդ երկրների ղեկավարները ոչնչացնում էին սեփական քաղաքացիներին: Անշուշտ, այդպես է: Քադաֆիի ու Սադամ Հուսեյնի նման, Ասադը նույնպես դաժան բռնապետ է: Սակայն նա առավել վատը չէ, քան Քաթարի ու Սաուդյան Արաբիայի ներկա ղեկավարները, որոնց հետ Ֆրանսիան հիանալի դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ ունի, և որոնք ֆինանսավորում են «Իսլամական պետությանը»:

Քաղաքական իրավասությունների նման այլասերումը շատ վատ է մեր երկրի համար: Վերջին մեր նախագահները գործել են աներևակայելի թեթևամտությամբ՝ ղեկավարվելով կարճաժամկետ շահերով: Բայց այդ մոտեցումը միակը չէ միջազգային քաղաքականության պատասխանատվության հարցում: Մի քանի տասնամյակ մեր հանրապետությունը թույլ է տվել իր տարածքում փակ, անհույս գոտիների առաջացումը, որոնք փիլիսոփա Ժան-Պոլ Դոլլեն անվանում է «ոչնչի տարածք»: Աչքի է ընկնում տմարդ քաղաքաշինությունը, որտեղ ոչինչ չկա՝ ժամանցի, մշակութային վայրեր, նորմալ ֆինանսավորվող, արժանապատիվ դպրոցներ, առանց որոնց մարդասիրությունը չի կարող զարգանալ, քաղաքացի չի կարող ձևավորվել: Թեև այդ տարածքները կոչում ենք «քաղաք-ննջարաններ», «զգայուն շրջաններ», սակայն դրանից էությունը չի փոխվում, իսկ իշխանությունները մշտապես անտարբեր են դրանց նկատմամբ: Ռայմոն Բառը, Բեռնար Տապին, Նիկոլա Սարկոզին, Պատրիկ Կաները, բոլորը խոստացել են զարգացնել այդ տարածքները, սակայն քառասուն տարի է՝ միայն ձախողել են:

Ֆրանսիացիների և նրանց առաջնորդների միջև խզում է առաջացել, հասարակական դաշինքը խախտվել է, ժողովրդի ու վերնախավի միջև հսկայական անդունդ է: Այլևս մեր քաղաքացիական ազատությունների նշանակալի կրճատումը չի օգնի, միևնույն է, ծայրահեղ աջերն իրենց լսել տալիս են, իսկ մարդասպանները կարողանում են ներթափանցել սահմաններով:

Ֆրանսիան անկարող է ապահովել իր երիտասարդության ապագան, Եվրոպան ունակ չէ հաղթահարելու լիբերալիզմի ներկա փակուղային իրավիճակը: Մեր կողմից ընտրվածները չեն կարողանում քաղաքական նոր տեսլական ներկայացնել մեզ: Մեր մտավորականները, որոշ աննշան բացառություններով, ընդունակ չեն հրաժարվելու մեդիախեղկատակի իրենց շահավետ դիրքից: Ես ցնցված եմ իմ դատարկվող երկրի ու իմ դստեր մահվան կապակցությամբ»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---