«Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ» գիրքի շնորհանդեսը՝ Ստամբուլում

«Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ» գիրքի շնորհանդեսը՝ Ստամբուլում

PanARMENIAN.Net - Գերմանացի լրագրող, գրող Յուրգեն Գոդշլիգը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում կներկայացնի իր «Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ» գիրքը:

Թուրքական «Demokrat haber»լրատվական կայքը տեղեկացնում է, որ գրքի շնորհանդեսի ժամանակ գրողը հատվածներ կկարդա գրքից, ապա կպատասխանի ներկաների հարցերին:

Գիրքը ներկայացնում է, թե ինչպես Գերմանիան, որը ցանկանում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր տիրապետությունը հաստատել Արևելքում, Թուրքիային ներքաշեց պատերազմի մեջ: Կայսրության բանակում ծառայող գերմանացի զինվորները հայերին լրտես և դավաճան էին համարում: Իսկ երբ հայերի բռնի տեղափոխությունը ցեղասպանության վերածվեց, գերմանական կառավարությունը գտավ, որ միլիոնավոր մարդկանց կոտորածը «դաժան, սակայն արդյունավետ մեթոդ է»:

Ըստ հեղինակի` Գերմանիան անտեսել է հայերի դեմ կատարվող վայրագությունների վերաբերյալ դիվանագետների և հոգևորականների մտահոգությունները, գրում է Ermenihaber.am-ը:

Յուրգեն Գոդշլիգը գիրքը գրելիս այցելել է այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել դեպքերը, հանդիպել է ցեղասպանության զոհերի հարազատների հետ, ուսումնասիրել է գերմանական և թուրքական արխիվները:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---