ԼՂՀ ՊՆ. ՊԲ գնդապետի զոհվելու մասին Ադրբեջանի տարածած լուրն ապատեղեկատվություն է

ԼՂՀ ՊՆ. ՊԲ գնդապետի զոհվելու մասին Ադրբեջանի տարածած լուրն ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեց հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը հրետակոծել է հայկական դիրքերն ու հասցրել լուրջ վնասներ: Ըստ այդ հրապարակումների՝ հրետակոծության ժամանակ իբրև թե զոհվել է ՊԲ գնդապետ Ջալալ Հարությունյանը:

ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է այս տեղեկությունները:

«Հերթական ապատեղեկատվությունն է: Նրանց, ովքեր այդքան ուզում են սպանել Ջալալ Հարությունյանին, խորհուրդ կտամ այսօր՝ երեկոյան, միացնել Արցախի հեռուստատեսությունը. գնդապետն ուղիղ եթերով խոսելու է», - ասել է Հասրաթյանը, մեջբերում է Aysor.am-ը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 120մմ-ոց հրանոթներից, 60, 82 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և «Մուխա» տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց: Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ԼՂՀ ՊՆ-ը նաև տեղեկացնում է, որ բացի հրադադարի ռեժիմի վերոնշված խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդը ձեռնարկել է մի շարք հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված գործողություններիարդյունքում կանխվել են: Հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելմանդիրքերը:

«Հատկանշական է, որ ադրբեջանական քարոզչությունը, փորձելով պարտակել սեփական զինուժում առկա կորուստներն ու իրենց բարոյալքված զինուժի մարտական ոգին բարձրացնելու համար, տարածել է «իրենց հաղթական գործողությունների» մասին տեսագրություն՝ չմոռանալով նշել, որ այդ հրենատային հարվածների հետևանքով պաշտպանության բանակում կան բազմաթիվ զոհեր՝ մասնավորապես հիշատակելով բանակի լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ջալալ Հարությունյանի անունը», - ասվում է ՊՆ հաղորդագորւթյունում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է տվյալ հրապարակման՝ իրականության հետ ոչ մի կապ չունենալու մասին:

«Գնդապետ Ջալալ Հարությունյանն իր աշխատասենյակում է և հաջողությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները: Ուղղակի ադրբեջանական քարոզիչները դեռևս գտնվում են «Հազար ու մի գիշեր» հեքիաթի ազդեցության տակ և հերթական անգամ փորձում են ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»:

Ավելի ուշ, կներկայացվի գնդապետ Ջալալ Հարությունյանի մեկնաբանությունը իր շուրջ տարածված ապատեղեկատվության և առաջնային գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել է Ադրբեջանի նշված ապատեղեկատվությանը ֆեյսբուկյան իր էջում:

«Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածել, որում նշում է հստակ անուններ: Այդ ամենը լիարժեք կեղծիք է, որին ԼՂՀ ՊԲ-ը մանրամասն կանդրադառնա: Սակայն դրված տեսանյությում նրանք փաստորեն խոստովանում են իրենց խախտումները, որի համար ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ պատասխանատվություն է կրելու, բոլոր ձևերով: Ինչպես արդեն նշել եմ այս ամենը արվում է նաև, ՀՀ-ում ընտրությունների ժամանակ, իրավիճակը ապակայունացնելու նպատակով», - գրել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---