Բաբայան. Լարվածության պատճառը Սարգսյան-Ալիև հանդիպումը չէ

Բաբայան. Լարվածության պատճառը Սարգսյան-Ալիև հանդիպումը չէ

PanARMENIAN.Net - Սահմանային լարվածությունը ամենևին պայմանավորված չէ Սարգսյան-Ալիև հանդիպումով: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Որևէ կապ չկա հանդիպումների և հրադադարի խախտումների միջև: Եթե նախկինում Ադրբեջանն այդ խախտումները սաստկացնում էր այդ հանդիպումների նախօրեին, ընթացքում կամ էլ հանդիպումներից հետո, ապա հիմա արդեն նման տենդենցներ չեն նկատվում: Ադրբեջանը մշտապես է խախտում հրադադարի ռեժիմը: Սա դարձել է նրանց ապրելակերպը` որպես ֆաշիստական, ահաբեկչական պետություն»,- ասել է մամուլի խոսնակը, մեջբերում է Yerkir.am-ը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ դեկտեմբերի 19-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ:

Նրա խոսքով` լարվածության աճն ավելի շատ կապ ունի աշխարհաքաղաքական և ներքաղաքական որոշ զարգացումների հետ:

«Աշխարհաքաղաքականի համատեքստում մենք պարզ տեսնում ենք Թուրքիա-Ադրբեջան տանդեմի միասնական ճակատը` հայության դեմ: Թուրքիան իրեն պահում է որպես ահաբեկչական պետություն, ահաբեկիչներին սատարող պետություն` Սիրիայում, Իրաքում, Ռուսաստանի դեմ հարաբերություններում: Վերջերս Թուրքիայի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաներ, արտգործնախարարը, վարչապետը եղել են Բաքվում, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը եղել է Թուրքիայում և այնպիսի հայտարարություններ է արել, որ կարծես 1918 թվականն է` պանթյուրքիզմի գաղափարախոսության ոսկե դարը, ֆաշիստական ժամանակահատվածի հռետորաբանություն են օգտագործել», - նշել է Բաբայանը` հավելելով, որ պարզ երևում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են աշխատում և այդ աշխատանքը գործակցության միջոցով են իրականացնում:

«Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա պետք է ասեմ, որ Ադրբեջանում բարդ իրավիճակ է ստեղծվել. իշխող կլանը ոչ միայն հետապնդում է ընդդիմադիրներին, այլ նաև իր իսկ ճամբարի ներկայացուցիչներին: Փաստորեն, ԱԱԾ-ում մոտ 200-300 հոգի հանվել են համակարգից, նաև` ՊՆ-ից, ՆԳՆ-ից, ԱԳՆ-ից, նախագահականից: Այսինքն` վատ վիճակ է ստեղծվել հենց ներսում: Դրան պետք է գումարել նաև նավթի գների անկումը. թմրամոլի նման նստած են նավթի եկամուտների վրա»,- ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Ըստ նրա` այս իրավիճակում լավագույն տարբերակը արտաքին թշնամու կերպարի զարգացումն է, որը թույլ է տալիս իշխող կլանին դեմ գնացողներին դիտարկել որպես պետության թշնամի: «Ադրբեջանցիները սահմաններին լարում են իրավիճակը, բայց դա ներկայացնում են որպես հայկական կողմի ագրեսիա, և դա նրանց թույլ է տալիս ներքին զտումներ կատարել: Մենք միշտ էլ համարժեք պատասխան ենք տալու: Նրանք ունեն բազմաթիվ զոհեր: Այո, մենք էլ ունենք, սա դժբախտություն է, սա անդառնալի կորուստ է, բայց այլ տարբերակ չկա, պետք է պաշտպանենք հայրենիքը: Այլ տարբերակը ցեղասպանությունն է: Համեմատություն անեմ, որը գուցե այնքան էլ կոռեկտ չէ, բայց հանցագործություններից, հիվանդություններից, ճանապարհատրանսպորտային պատահարներից ավելի շատ մարդ է մահանում և զոհվում Հայաստանում ու Արցախում, քան սահմանները պաշտպանելիս»,- եզրափակել է Բաբայանը:

Դեկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցելզինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև զրահատեխնիկա (տանկ), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ:

Շաբաթվա ընթացքում շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ըստ հաստատված տվյալների՝ միայն անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է առնվազն 13 զոհ և երեք տասնյակից ավելի վիրավորներ: Նահանջող հակառակորդը մարտադաշտում է թողել հատուկ նշանակության գործողության պարագաներ:

Հայկական կողմը երեք զոհ ունի:

ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի սադրիչ գործողությունները ճնշվել են:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ։

Հ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---